Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի կրթական խորհրդի նախագահ Նաիրի Նահապետյանին եւ առաջարկել համատեղ ծրագրեր իրականացնել:

Նախարարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ Ձեզ Գլենդեյլի հայ համայնքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, շատ եմ կարեւորում մեր երկկողմ հարաբերությունների խորացումը: Մենք Ձեզ հետ կարող ենք ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որով կկարողանանք իրականացնել տարբեր կրթական եւ մշակութային ծրագրեր»:

Նայիրի Նահապետյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության, կառուցողական եւ աշխատանքային խնդիրների վերաբերյալ քննարկման համար:

Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը հյուրին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակած գրքերը, ծանոթացրել նախարարության կողմից կազմած տարեգրքերն ու սփյուռքահայերին վերաբերող այլ ձեռնարկները: