Մոլդովայի խորհրդարանական փաստաբան եւ օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի՝ սկանդալ հրահրելու եւ Հայաստանի հեղինակությանը հարվածելու փորձը ձախողվեց:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, Հայաստանի ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն մասնավորապես, հայտարարել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ նշել է, որ Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացրել են հայերը, որն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է:

Իր սկանդալային ելույթից հետո, նա ցուցադրափար փակվել է հյուրանոցի իր համարում եւ հրաժարվել մասնակցել խորհրդաժողովի հետագա աշխատանքներին:

Այդ ընթացքում նա համացանցով կապվել է իր «կողմնակիցների» հետ եւ նրանց միջոցով ապատեղեկություն տարածել ստեղծված իրավիճակի մասին:

Արդյունքում, այսօր՝ հուլիսի 6-ի առավոտից համացանցում լուր է տարածվել, թե իբր Աուրելիա Գրիգորիուն «գերի» է մնացել հյուրանոցում, ու իբր հայերը ցանկանում են ներխուժել այնտեղ ու վրեժ լուծել նրանից:

Այս առնչությամբ, Հայաստանի ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը NEWS.am-ի թղթակցի հայտնեց, որ Մոլդովայի պատվիրակության մեկնելու ժամանակ Աուրելիա Գրիգորիուն չի եկել ավտոբուսի մոտ: Չվերթից չուշանալու համար, պատվիրակության անդամներով ավտոբուսը մեկնել է օդանավակայան, իսկ Աուրելիա Գրիգորիուի համար մեքենա եւ պատվիրված տոմս է թողնվել, սակայն նա չի օգտվել դրանցից:

Փոխարենը հյուրանոց է եկել ինչ-որ տղամարդ, ներկայացել Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատակից եւ տարել Աուրելիա Գրիգորիուին՝ դա մեկնաբանելով նրանով, որ Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, թեեւ նրան ուղղված հրավերի մեջ նշված է, որ նա Մոլդովայի քաղաքացի է:

Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ներկա պահին որտեղ է գտնվում այդ «մարդու իրավունքների պաշտպանը»: Ամենայն հավանականությամբ, Ռումինիայի դեսպանատունը որոշել է չսրել իրավիճակը եւ Գրիգորիուին հնարավորինս շուտ ուղարկել հայրենիք: