Բժիշկները դեռեւս մտադիր չեն անջատել Հարավային Աֆրիկայի Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի օրգանիզմին միացված արհեստական շնչառության ապարատը, դա կարող է տեղի ունենալ միայն ծայրահեղ դեպքում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, հայտնել է 94-ամյա Մանդելայի մտերիմ ընկեր Դենիս Գորլդբերգը:

Հիշեցնենք, որ ՀԱՀ-ի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլի տեղեկությունները, ըստ որոնց մանդելան գտնվում է բույսի կարգավիճակում, եւ բժիշկները խորհուրդ են տվել նրա հարազատներին անջատել նրան կենսապահովման ապարատից:

ՀԱՀ-ի նախագահ. Մանդելայի վիճակը կայուն է

«Ինձ ասացին, որ այդ հարցը բարձրացվել է, եւ բժիշկներն ասել են, որ նման տարբերակ (կենսապահովման ապարատից անջատում) կարող է քննարկվել միայն, եթե նրա օրգանիզմն իսկապես դադարի աշխատել»,-ասել է Գոլդբերգը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նա հավելել է, որ վերջին անգամ Մանդելային տեսել է հուլիսի 1-ին, այդ ժամանակ նա «գիտակցություն է ունեցել եւ արձագանքել է շրջապատին»:

Հուլիսի 4-ին հայտնի է դարձել, որ Մանդելայի վիճակը նախկինի պես ծայրահեղ ծանր է, բայց կայուն: