«Շահ Դենիզ» միջազգային կոնսորցիումի կողմից նախապատվությունը Տրանսադրիատիկ գազատարին (TAP) տալը վկայում է այն մասին, որ Nabucco գազատարի կառուցման ծրագիրը վերջնականապես թաղել են: Այս մասին ասվում է «Հաջողություն Nabucco, Եվրոպան ընտրում է TAP-ը» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է իտալական Limes պարբերականում: Հոդվածի թարգմանությունը ներկայացնում է inoSMI-ն:
Եվրամիությունն ուրախանում է իր էներգետիկ քաղաքականության հարցում TAP նախագիծն ընտրելու համար: Իրականում իրադարձությունների զարգացումը վկայում է այն մասին, որ ձախողվել է էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման եւ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելուն ուղղված ռազմավարությունը, գրում է թերթը:
Բացի տնտեսական եւ ֆինանսական նկատառումներից, Տրանսադրիատիկ գազատարն ընտրելու հարցում հաշվի է առնվել նաեւ աշխարհաքաղաքական գործանը: Այդ որոշման վրա մեծ ազդեցություն են ունեցել ոչ պետական էներգետիկ ընկերությունները: Մասնավորապես, նորվեգական Statoil ընկերությունը մասնակցել է ինչպես «Շահ Դենիզ» կոնսորցումին (բրիտանական British Petroleum-ի, ադրբեջանական Socar-ի եւ ֆրանսիական Total-ի հետ միասին), այնպես էլ TAP կոնսորցիումին:
Թեեւ TAP-ը թույլ է տալիս սկսել Հարավային միջանցքի ստեղծումը, բայց դրան տրված նախապատվությունը կարելի է կոչել հակառազմավարական, քանի որ TAP-ի համեմատական թողունակությունը ցածր է: TAP-ով մատակարարվող գազը նախ պետք է մտնի իտալական շուկա, հեռանկարում այն կմատակարարվի Գերմանիա եւ Ֆրանսիա, ինչպես նաեւ Հունաստան եւ բալկանյան երկրներ: 10 մլրդ խմ գազի բաշխումը բոլոր այդ երկրների միջեւ թույլ չի տա հասնել էներգետիկ անվտանգության՝ դիվերսիֆիկացման ճանապարհով:
Նախապատվությունը TAP-ին տալը եւ Nabucco նախագծի սառեցումը զրկում է Բուլղարիային, Ռումինիային եւ Հունգարիային գազի մատակարարման այլընտրանքային հնարավորությունից եւ նրանց թողնում է ռուսական գազից խորը կախվածության մեջ: Նման սցենարի զարգացումը ամենից շատ ձեռնտու է Մոսկվային, քանի որ TAP նախագծի իրականացումը իր օգտին է լուծում աշխարհաքաղաքական եւ էներգետիկ վեճը, որտեղ երկու նախագծերը (Nabucco եւ «Հարավային հոսք») մրցակիցների դերում էին հայտնվել:
Այժմ Ռուսաստանն ամրապնդում է իր էներգետիկ կապերը Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ՝ գնալով անգամ գազի գնի իջեցման ճանապարհով:


























