Հայաստանում պատրաստվում են  գործարկել առաջին մասնավոր հողմաէլեկտրակայանը:  NEWS.am-ի թղթակցին «Խոյլունցներ» ՍՊԸ-ի ներդրող, գլխավոր տնօրեն Արարատ Խոյլունցը հայտնել է, որ հողմաէլեկտրակայանը մտադիր են կառուցել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:  Տարածքն արդեն ձեռք է բերվել:

Հողմակայանն պայմանական են անվանում առաջինը: Հայաստանում հողմակայանների կառուցման շահագրգռվածության մասին հայտնում են նաեւ այլ ընկերություններ: Սակայն այս ներդրողն առաջինն է, ով պատրաստ է  տեղավորվել առաջարկված պետական սակագնի սահմաններում ` կվտ/ժ-ի դիմաց 35 դրամ (8,5 ցենտ): Մի փոքր հողմակայան Հայաստանում արդեն գործում է, սակայն  պետական է եւ կառուցված է Իրանի միջոցներով:

Ըստ Խոյլունցի` կայանի հզորությունը կկազմի 2 մվտ, հնարավոր ներդրումները` 2 միլիոն եվրո` նման նախագծերի արժեքից բավականին ցածր:

2012թ. հոկտեմբերից ընկերությունը շինարարության վայրում քամու մոնիտորինգ էր անցկացրել`  40 մ-անոց աշտարակների օգնությամբ: Մոնիտորինգն իրականացվում է Գորիսի երկու կետերում` մեկը մյուսից 30 կմ հեռավորության վրա:  «Դեռեւս միայն ես եմ նախագծում ներդրում կատարում, սակայն մի քանի եվրոպական ընկերություններ արդեն հետաքրքվում են հողմակայանով: Ամեն ինչ պարզ կդառնա հոկտեմբերին: Ես հանգիստ եմ տեխնիկական կողմի համար, ինձ օգնում են երկու հմուտ խորհրդականներ`մեկը Հայաստանից, մյուսը` Նիդեռլանդներից», – բացատրել է Խոյլունցը: Ընկերությունը նախատեսում է շինարարությունը  սկսել 2014թ.: 

Նախագծի իրականացումը բարդանում է, քանի որ Հայաստանում դեռ չի հաջողվում ֆինանասավորում ստանալ: Ներկայումս ընկերության հայտը գտնվում է  Համահայկական բանկում, որի սեփականատերը պետությունն է: