Վրաստանի շուրջ կեղտոտ ռազմավարական խաղ է ընթանում եւ դրա նպատակը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ձգձգումն ու Աբխազիայի միջոցով երկաթուղային հաղորդագրության բացման խոչընդոտումն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ Ախալքալաքի երկաթուղային կայարանի շինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո:

Նրա խոսքով՝ այդ երկաթգծի բացման ձգձգումը նշանակում է, որ Վրաստանը կորցնում է աֆղանական բեռները, իսկ դա նշանակալի է երկրի տնտեսական զարգացման համար: Նա նշել է, որ «դա շատ կեղտոտ ռազմավարական խաղ է Վրաստանի շուրջ», փոխանցում է «ԻնտերՊրեսսնյուզը»:

«Չեմ ցանկանում, որպեսզի Վրաստանի կառավարությունը մասնակցի այդ խաղին…Կոչ եմ անում կառավարությանը հատուկ միջոցներ ընդունել՝ այդ նախագիծը գոնե մինչեւ հաջորդ տարվա վերջ ավարտելու համար»,-հայտարարել է Սահակաշվիլին:

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նոր կառավարությունը ավելի շատ ջանքեր է ներդնում՝ տարածաշրջանային նշանակության նախագծերը կյանքի կոչելու համար: Նա խոստացել է արագացնել Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի շինարարությունը:

Իվանիշվիլին խոստացել է արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը

Հիշեցնենք, վարչապետ դառնալուց անմիջապես հետո՝ 2012թ. աշնանը, Բիձինա Իվանիշվիլին կասկածի տակ էր դրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը:

Նախագահ Սահակաշվիլին էլ պատասխանել էր, որ երկաթուղու կառուցումից հրաժարվելը Կովկասում Ռուսաստանի դիրքի ուժեղացման համար  դռներ կբացի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տրանսպորտային միջանցք է, որը կմիավորի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթգծային ցանցերը: Նախագիծը քաղաքական ընդգծված ուղղվածություն ունի: Այն Իրանին ձեռնտու չէ, բայց ձեռնտու է Ադրբեջանին, Վրաստանին ու Թուրքիային:

Պաշտոնական Երեւանն այս նախագիծը անշահավետ է համարում՝ հաշվի առնելով առկա հաղորդակցման ուղիները ՝դեպի Կարս (Թուրքիա) – Գյումրի (Հայաստան) – Թբիլիսի (Վրաստան), եւ այն դիտարկում է որպես քաղաքական ճնշում Հայաստանի վրա՝ այն մնացյալ աշխարհից մեկուսացնելու նկատառումով: