Վրաստանի նոր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանային նշանակության նախագծերի, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրագործման ուղղությամբ: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ հավելելով, որ տվյալ երկաթգծի կառուցման տեմպերը զգալի կարագացվեն:

 «Այս գործընթացները աշխուժացել եւ արագացել են, հիմքեր չկան կարծելու, թե մենք դադարեցրել ենք կամ փորձ ենք անում խոչընդոտել տարածաշրջանային  զարգացման նախագծերին:

Հակառակը, մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի նախագծերը հնարավորինս արագ իրագործվեն: Նախագծերի թվում է նաեւ Կարսի երկաթուղին: Իմ ունեցած տվյալով՝ շինարարության տեմպերը զգալի կարագանան», - Իվանիշվիլիի խոսքերն է մեջբերում «Նովոստի-Գռուզիան»:

Հիշեցնենք, վարչապետ դառնալուց անմիջապես հետո՝ 2012թ. աշնանը, Բիձինա Իվանիշվիլին կասկածի տակ էր դրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նպատակահարմարությունը:

Նախագահ Սահակաշվիլին էլ պատասխանել էր, որ երկաթուղու կառուցումից հրաժարվելը Կովկասում Ռուսաստանի դիրքի ուժեղացման համար  դռներ կբացի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տրանսպորտային միջանցք է, որը կմիավորի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթգծային ցանցերը: Նախագիծը քաղաքական ընդգծված ուղղվածություն ունի: Այն Իրանին ձեռնտու չէ, բայց ձեռնտու է Ադրբեջանին, Վրաստանին ու Թուրքիային:

Պաշտոնական Երեւանն այս նախագիծը անշահավետ է համարում՝ հաշվի առնելով առկա հաղորդակցման ուղիները ՝դեպի Կարս (Թուրքիա) – Գյումրի (Հայաստան) – Թբիլիսի (Վրաստան), եւ այն դիտարկում է որպես քաղաքական ճնշում Հայաստանի վրա՝ այն մնացյալ աշխարհից մեկուսացնելու նկատառումով: