Ազգային  անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի մեքենան գողացողը դեռ չի հայտնաբերվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության Արարատի բաժնի պետ Սեւան Քոչարյանն ասաց, որ ծավալուն օպերատիվ աշխատանքներ են կատարվում, դեռեւս ներգրավված անձինք չկան: «Հաստատ կբացահայտվի գործը, կարծում եմ` առաջիկա օրերին կունենանք բացահայտում»,- նշեց Սեւան Քոչարյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գողություն): Մեր տեղեկություններով` մարզի ԱԱԾ պետի մեքենայում գողացել են շենքի բակից:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե հուլիսի 5-ին, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Թերթի  տեղեկություններով, հենց Կ. Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները եւ այլն: