Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամեդ Մուրսիին չն սպառնում Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագիրը, քանի որ իրավիճակը Եգիպտոսում արմատապես տարբերվում է լիբիականից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:
Նրա խոսքով՝ Լիբիայում տեղի է ունեցել արտաքին ուղղակի միջամտություն, մինչդեռ Եգիպտոսի դեպքում նման սցենարի մասին խոսելու հիմքեր չկան: Ոսւտի, եթե իրադարձություններն այդ երկրում էքստրեմալ շրջդարձ չունենան, ապա Մուրսին չի արժանանա Քադաֆիի ճակատագրին:
Քաղաքագետը նաեւ զուգահեռ է տարել Եգիպտոսում եւ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ՝ նշելով, որ երկու դեպքում էլ տեղի է ունեցել հասարակության պառակտում երկու մասին. բնակչության առավել ակտիվ, կրթված, բայց փոքրաթիվ մասը կողմնորոշված է դեպի տեղական բուրժուազիան, իսկ երկրորդ մասը՝ դեպի իսլամիզմ:
Սկակովը նաեւ նշեց, որ այս պահին տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող հանգեցնել նոր հեղափոխության Եգիպտոսում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կահիրեում հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանի շրջանում փոխհրաձգության հետեւանքով սպանվել էին տասնյակ մարդիկ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը: Որոշ տվյալներով՝ հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանում է գտնվում գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսին:
Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկչական զինված խմբավորումը փորձել է գրոհով վերցնել շտաբ-բնակարանը, իսկ բանակը կրակ է բացել: Միջադեպի արդյունքում մեկ սպա զոհվել է, 40 զինվորականներ՝ վիրավորվել:




























