Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, որը մեծ ջանքեր գործադրել Հայաստանի ԱԺ-ում սկանդալ հրահրելու համար, Vesti.az-ին պատմել է երեւանյան իր մի քանի «արկածների» մասին:
Նա խոստովանում է, որ իր հասցեին ոչ ճնշումներ են եղել, ոչ սպառնալիքներ: «Հյուրանոցի մոտ, որտեղ ես մնում էի, իր նկատմամբ հաշվեհարդար պահանջող որեւէ ամբոխ չի եղել: Իմ նկատմամբ հայերը հաշվեհարդար էին պահանջում Facebook-ի իմ էջում»,-ասել է Գրիգորիուն:
Երեւանից մեկնելու օրն առավոտյան, Գրիգորիուն իջել է նախասրահ, որպեսզի մեկնի օդանավակայան: «Ես դուրս եկա կոնֆերանսի մյուս մասնակիցների հետ, մոտեցա առաջին մեքենային, որտեղ նստած էր Ուկրաինայի ՍԴ նախագահը: Ես ցանկացած նստել նրա հետ, բայց երկրորդ մեքենայի վարորդը վազեց առաջին մեքենայի վարորդի մոտ եւ ինչ-որ բան ասաց նրան, որից հետո առաջին մեքենան արագ հեռացավ: Այդ ժամանակ ես մոտեցա այն մեքենային, որտեղ նստած էին Մոլդովայի պատվիրակության անդամները: Երբ սկսեցին բեռնել իմ պայուսակը, վարորդը արագ մոտեցավ, հանեց իմ պայուսակն ու հայտարարեց, որ այս բեռը ինքը չի վերցնի եւ մատով ցույց տալով ինձ, ասաց. «Նա մեզ հետ չի գա, ես նրան չեմ տանի»: Ես վրդովվեցի վարորդի նման պահվածքից եւ հարցրի նրան, թե ինչու ինձ չի ցանկանում հասցնել օդանավակայան: Ի պատասխան նա հայտարարեց. «Պետք էր մտածել, թե ինչ եք խոսում: Ես ձեզ չեմ տանի»:
Մոլդովայի ՍԴ ղեկավարը նստեց մեքենան եւ ես նրանից հետաքրքրվեցի, թե իսկապես իրենք կհեռանան եւ ինձ կթողնեն նման պայմաններո՞ւմ: Ի պատասխան նա հանգիստ ասաց, որ իրենք ուշանում են օդանավից եւ չեն կարող այստեղ մնալ: Եւ նրանք հեռացան»,-պատմել է Գրիգորիուն:
Նա չի ցանկացել օդանավակայան գնալ տաքսիով՝ վախենալով «հաշվեհարդարից»: Արդյունքում նա կապնվել է Մոլդովայի ԱԳՆ-ի հետ, ապա Ռումինիայի ԱԳՆ-ի հետ, որի օգնությամբ էլ հեռացել է հյուրանոցից:





























