Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մեկ տարվա ընթացքում որեւէ կերպ իրեն չի դրսեւորել. չնայած երկրում տիրող անկարգություններին՝ Մուրսիին ոչ ոք մտադիր չէ Լինչի դատաստանի ենթարկել, վատագույն դեպքում նրան կարժանացնեն Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե իհարկե, հորինեն, թե ինչի համար նրան պետք է դատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

 «Մուրսիին պաշտոնանկ է արել բանակը, ոչ թե՝ Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող ահաբեկիչները»,-ընդգծել է Սատանովսկին: Անդրադառնալով Եգիպտոսում ներկայումս տեղի ունեցող անկարգություններին՝ քաղաքագետը կանխատեսել է հերթական հեղափոխությունը՝ չբացառելով հետագա ընդվզումներն ու բողոքները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կահիրեում հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանի շրջանում փոխհրաձգության հետեւանքով սպանվել էին տասնյակ մարդիկ: Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 8-ի գիշերը: Որոշ տվյալներով՝ հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանում է գտնվում գահընկեց արված նախագահ Մուհամեդ Մուրսին:

Եգիպտոսի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ ահաբեկչական զինված խմբավորումը փորձել է գրոհով վերցնել  շտաբ-բնակարանը, իսկ բանակը կրակ է բացել: Միջադեպի արդյունքում մեկ սպա զոհվել է, 40 զինվորականներ՝ վիրավորվել: