Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մորն արդեն 17 օր է, ինչ քնեցնում են, քանի որ նրա վիճակը գնալով վատանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը՝ հավելելով, որ Մերուժանի մայրը չի կարողանում մասնակցել նաեւ որդու սգո արարողություններին:
«Մայրն արդեն 17 օր է բժիշկների հսկողության տակ է: Արթնանում է ընկնում շոկի մեջ եւ նորից քնեցնում ենք: Այսօրվա մեռելոցին էլ չկարողացավ մասնակցել: Ով լիներ, որ կարողանար»,- նշեց Գագիկ Սարոյանը, ընդգծելով, որ տղայի հորեղբայրը հանդիպել է բժշկին, ով փոխանցել է, որ ինքը եւս շոկի մեջ եւ խնդրել է ոչինչ չասել մինչեւ եզրակացության պատասխանները:
«Ասել է, որ իր համար էլ է անհասկանալի մահվան պատճառը: Հանդիպել ենք Զեյթունի ոստիկանապետին, ով եւս խնդրել է, որ սպասենք փորձաքննության արդյունքներին: Հավանաբար, մյուս շաբաթ արդյունքները պարզ կլինեն, նոր մենք մեր քայլերի մասին տեղյակ կպահենք»,- ավելացրեց Գագիկ Սարոյանը:
Մինչեւ այդ նշել էինք, որ Մերուժանի նշանածը եւս չէր մասնակցել թաղմանը, քանի որ ցանկացել է նրան կենդանի հիշել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանը տնտեսած գումարով ցանկացել է պլաստիկ վիրահատության միջոցով շտկել ի ծնե թեքված ծնոտի արատը, որ դրանից հետո նշանվի: Տղայի հարազատները պնդում են, որ նա մահացել է բժշկական սխալի պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մերուժանի քեռին՝ Գագիկ Սարոյանը: Ի դեպ, նրանց հարազատները եւ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները, մոտ 100 մարդ, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել եւ հավաստիացնում էին, որ պայքարելու եւ բողոքելու են այնքան ժամանակ, մինչեւ մեղավորները ազատվեն աշխատանքից եւ քրեական պատասխանատվության ենթարկվեն: «Մեր էրեխուն սպանել են: Չնայած նախնական ասում են, որ էրեխուն, որ վիրահատել են, ծուծքը գնացել է արյան մեջ: Բայց մենք ներքին կարգով ճշտել ենք, որ թթվածինը, որը քթով է գնացել, իրիկունը պոկվել, անջատվել է եւ Մերուժանը խեղդվել է: Միակ վարկածը դա է, հաստատ: Նրանց անփութության պատճառով սպանել են: Մեր երեխան առողջ էր եւ ոչ մի բանից չի դժգոհել, իր ոտքով է վազելով բարձրացել վիրահատության: Մի ատամի ցավ չի ունեցել: Պողպատի նման առողջ էր»,- ավելացրել էր Գագիկ Սարոյանը: Երիտասարդի վիրահատության համար վճարել են 1 միլիոն 500 հազար դրամ: Վիրահատող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը: Իսկ հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից փոխանցել են, որ փորձաքննության արդյունքները կտրամադրեն 20 օրից:





























