Ոչ միայն Սուրեն Խաչատրյանը, իր եղբայրները, այլեւ իր զավակները եւ ընդհանրապես իր բանդայի անդամները, անշուշտ, թմրադեղեր օգտագործել են եւ շարունակում են օգտագործել, դա հանրահայտ է պարզապես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով իր իսկ խոսքով, շատ լավ ճանաչում է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին եւ գերդաստանին, գիտի նրանց մանկուց:
«Ես չեմ պատկերացնոմ որեւէ մեկին, մանավանդ Գորիսում, որ այդ մասին չիմանա: Քանիցս մամուլը անդրադարձել է, որ նրա եղբայր Սեյրան Խաչատրյանը, մականունը` Աղալար, ոչ միայն թմրամոլ է, ոչ միայն իր զավակներն են թմրամոլ, այլ ինքը թմրանյութերի հարցով է: Իրենք ընտանիքով ու գերդաստանով թե թմրադեղերի հետ կապված, թե ընդհանրապես այլ առումներով առաջիններից են: Կարծում եմ` պտուղը ծառից հեռու չի ընկնում, ուղղակի անհարմար է պատկերացնել, որ Սուրեն Խաչատրյանի որդին չպետք է թմրադեղ օգտագործի, մարդ սպանի, արյուն հեղի»,- ասաց նա;
Նա նշեց, որ չի վախենում լրատվամիջոցներում Սուրեն Խաչատրյանի մասին բացահայտումներ անելուց, վաղուց սպանել է իր մեջ սարսափի անասունին, նույն բանը խորհուրդ է տվել նաեւ քաղաքացիներին, որ չպետք է վախենալ: Նա նշեց, թե ինչպես տարբեր ծայրագույն մեթոդներով իրեն բռնության են ենթարկել, օրինակ` մի քանի հոգով` ինքնաձիգներով զինված, առաջինը հենց Սուրեն Խաչատրյանը` ատրճանակը ձեռքին, մտել է աշխատասենյակ եւ 6-7 հատ զենք պահել իր վրա: «Ասացի` այ տղա, մի հատն էլ բավական է, իրենք հույս ունեն, որ անհնար է, որ չլինի զենք եւ ես զենքը պիտի հանեմ եւ գործադրման ընթացքում պաշտպանվելուց ինձ ուղղակի գնդակահարեն: Աստված ինձ օգնել էր, եւ այդ օրը զենքը թողել էի, հակառակ պարագայում այդ օրը ինքնապաշտպանության նպատակով գործադրելու էի»,-պատմեց նախկին քաղաքապետը:
Անդրադառնալով հունիսմեկյան դեպքերին եւ գլխավոր հարցին` Սուրեն Խաչատրյանը կրակել է, թե՝ ոչ, Սամվել Հարությունյանը հիշեցրեց ոճրագործությունից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի առաջին բառերը` «լավ է, որ քնած եմ եղել, թե չէ մի 20 հատ գլխին կշարեի», ինչպես նաեւ այն, որ նախագահական ընտրություններից առաջ վերջինս ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հոր գլուխը կջարդեմ:
«Այդ մարդու ամենասիրած զբաղմունքը գլուխ ջարդելն է, գլխից խփելն է: Գորիսում սպանված մի քանի տասնյակ մեր հայրենակիցների հոգիները երկնքից աղաղակում են պարզապես, էնպես որ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 1-ին իր գերագույն հաճույքը` մարդ սպանելու, արյուն խմելու, մահացու հարված հասցնելու, չէր կարող զիջել որեւէ մեկին, եթե անգամ նա իր որդին է: Այն որ որդին կրակել է, ես դրանում չեմ կասկածում, բայց վերջին հաշվով շատ հավանական եմ համարում, որ մի հոգու կրակոցից չէ զոհվել Ավետիք Բուդաղյանը կամ վիրավորվել Արտակ Բուդաղյանը: Նա չէր կարող իր գերագույն հաճույքը զիջել որեւէ մեկին, իսկ Սուրիկ Խաչատրյանը` մանավանդ նման տխրահռչակ մականուն ունեցող անձը, չի՞ իմանում, թե իր տան դիմաց նկարահանող սարքերը ինչ տիրույթ են ընդգրկում»,- ասաց նա` հավելելով, որ հնարավոր տարբերակ է այն, որ ինքը ղեկավարել է այդ պրոցեսն ամբողջությամբ, չի երեւացել տեսանկարահանման այդ տիրույթում:
Նա նաեւ նշեց, որ այդ դեպքին նախորդել է լուրջ վիճաբանություն, հայհոյանքներ, նա հարվածել է Ավետիք Բուդաղյանին, վերջինս էլ արժանապատվություն ունեցող մարդ է, եղբորն է տեղեկացրել, այնուհետեւ նրանց զանգել են եւ հրավիրել:
«Սուրիկ Խաչատրյանը, իմ համոզմամբ չի զանգել եւ չի ասել` արի, որ սպանեմ քեզ, բայց նրան կանչել է տուն, որպեսզի գնդակահարի, այդ գերագույն հաճույքը վայելի Սուրեն Խաչատրյանին ճանաչողները լավ գիտեն, թե նա ինչպես է վիճաբանում, ինչ արտահայտություններ է անում եւ անհնար է պատկերացնել վիճաբանություն, որ նա բռնություն չգործադրի: Եթե նա հայ կնոջը Երեւանի կենտրոնում` Արմենիա Մարիոթ հյուրանոցում, աքացի է տալիս, ապտակում է, դուք պատկերացրեք, թե Երեւանից հեռու` 240 կմ հեռավորության վրա` այդ հանգստյան տանը, ինքը ինչեր կարող էր իրեն թույլ տալ»,- պատմեց Գորիսի նախկին քաղաքապետը:
Սամվել Հարությունյանը վստահ է, որ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, պատժվելու է, «միեւնույն է, ուզեն, թե չուզեն, հանրապետության բարձրագույն իշխանավորները նախեւառաջ` Սերժ Սարգսյանը եւ իրավապահ համակարգի ղեկավարները, վերջապես 23 տարի հետո, բազմաթիվ ծանրագույն հանցագործությունների եւ մասնավորապես հունիսի 1-ի ծանրագույն ոճրագործությունից հետո պարզապես, այլընտրանք չունեն, Սուրեն Խաչատրյանը ոչ միայն ձերբակալվելու, կալանավորվելու է, այլ վերջապես կանգնելու է արդարադատության առաջ, մի օր հաստատ, երբ իշխանությունը կպատկանի ժողովրդին եւ Հայաստանում արդարադատություն կլինի, նա իր կատարած բազմաթիվ ծանրագույն հանցանքների համար կանգնելու է արդար եւ ահեղ դատաստանի առաջ»:
Անդրադառնալով Սյունիքի նոր մարզպետին` Վահե Հակոբյանին, ում նշանակումը սպասվում է առաջիկա օրերին, Սամվել Հարությունյանն ասաց, որ թե նրան եւ թե նրա հորը անձամբ չի ճանաչում, շատ ուրախ կլիներ, եթե վերջինս լավ բաներ աներ, բայց այս համակարգի պայմաններոմ չի պատկերացնում որեւէ պաշտոնյայի, որը կարողանա լավ բաներ անել, թեեւ կցանկանար սխալվել: Նա չբացառեց, ավելին` շատ հավանական համարեց Հակոբյանների եւ Խաչատրյանների ընտանիքների միջեւ առկա հասարակությունը` պատճառաբանելով, որ «անհնար է պատկերացնել որեւէ մեկին, Սյունիքում, որ ունենա հնարավորություններ, հակասություն չունենա Սուրեն Խաչատրյանի հետ, Սուրիկ Խաչատրյանը իրեն հայտնի մեթոդներով չէր կարող աչք չունենալ այդ մարդկանց հարստության կամ դրանց մի մասին»:





























