Սրանից մեկ շաբաթ անց տեղի ունեցան առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու իրադարձություներ։ Իհարկե, անկասկած է, որ Թուրքիայի խորհրդարանի կողմից Nabucco նախագծի վավերացումը եւ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի ընդունումը պատահականություններ են։ Այս մասին իր էջերում գրում է թուրքական «Hurriyet» թերթը։
Թերթը նշում է, որ «այդ երկու իրադարձությունները մեծ ռեզոնանս են առաջացրել ամբողջ աշխարհում, քանի որ հայ-թուրքական հարաբերությունները եւ վերոնշյալ բանաձեւն ուղիղ կերպով կապված են Nabucco նախագծի հետ՝ գոնե կարճաժամկետ հեռանկարով»։
Այնուհետեւ աղբյուրն ընդգծում է, որ «եթե Nabucco-ն կյանքի կոչվի ավելի վաղ, քան „Հարավային հոսքը“ Եվրոպա էներգառեսուրսներ կմատակարարի Թուրքիայի եւ Բալկանների տարածքով, ապա դա կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից»։
Թերթը ուշադրություն է դարձնում նրան, որ "մոտ ժամանակներս Nabucco-ն կվավերացվի Ռումինիայի խորհրդարանի կողմից, որով էլ վավերացման ողջ գործընթացը կավարտվի։ Դրա հետ կապված՝ նախագծի ամենակարեւոր կետերից մեկը տարանցիկ համաձայնությունն է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Սակայն ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի դեռ «ադրբեջանական տարածքները» գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ։ Հեռանկարում Երեւանի եւ Բաքվի միջեւ անգամ ժամանակավոր համաձայնություն չի երեւում ԼՂՀ տարածքից հայկական զորքերը դուրս բերելու հարցում, եւ Անկարան հակված չէ այս պայմաններում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։ Բաքուն մինչ այժմ խուսափում էր լիարժեք մասնակցություն ունենալ Nabucco նախագծին, քանի որ ուզում էր վստահ լինել, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի մինչեւ այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության հարցում «համապատասխան» որոշում կայացվի։




























