«Մենք իհարկե ողջունում ենք ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը, բայց, ցավոք, ես քիչ հավանական եմ համարում որ այն կմտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ»,- մարտի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը՝ հավելելով, որ դա են ցույց տալիս ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի դիրքորոշումները:

Հարցին, թե արդյո՞ք այդ այդ բանաձեւի ընդունումը չի խանգարի հայ-թուրքական գործընթացին, նա պատասխանեց. «Հազիվ թե Թուրքիան, թեկուզ վերապահումներով, վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այս պահին, կարծես, գործընթացը փակուղում է»: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ապրիլի 24-ին հազիվ թե Օբաման արտասանի ցեղասպանություն բառը։ Նա կնշի, որ դա կարող է խանգարել հայ-թուրքական գործընթացին:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, Ս. Դեմիրճյանն ասաց. «Ակնհայտ է նաեւ, որ ակտիվանում է ԼՂ խնդրի լուծման շուրջ ընթացող գործընթացը: Բոլորն էլ խոսում են այն մասին, որ հանգուցալուծումը մոտ է, մտել է վերջնական փուլ, սակայն ես անձամբ արագ հանգուցալուծումը իրական չեմ համարում»:

«Իսկ ինչո՞ւ չեք տեսնում արագ հանգուցալուծում» հարցին էլ արձագանքեց. «Որովհետեւ չեմ տեսնում, թե ինչպես են կողմերը գալու ընդհանուր հայտարարի: Այսօր ընթացող գործընթացի վերաբերյալ առկա մտահոգությունները տեղին են, եւ արդեն պարզ երեւում է, որ սխալ էր Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելը: 2003-ին նախագահական ընտրությունների ընթացքում Ռ. Քոչարյանի հետ բանավեճի ժամանակ ես նշել եմ, թե սխալ էր, որ բանակցություններում Հայաստանը փոխարինեց Ղարաբաղին, ինչին Քոչարյանը հակադրվեց, սակայն հիմա բոլորն են դա հասկացել»:

ՀԺԿ ղեկավարի խոսքով, բոլոր արտաքին խնդիրների հիմքը գտնվում է երկրի ներսում, եւ պետք է նախ լուծել ներքին խնդիրները, որպեսզի ուժեղ լինենք դրսում: «Որքան իշխանության լեգիտիմությունը ցածր եղավ, այնքան դժվար կլինի դիմակայել դրսի ճնշումներին»,- իր խոսքն ամփոփեց նա: