Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է հայկական սփյուռքի ականավոր գործիչների հետ: Հյուրերի թվում են եղել աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեւեջյանը, գործարար Սերժ Չուլուքը, դիզայներ Ալեն Մանուկյանը, իմպրեսարիո Լեւոն Սայանը, Ֆրանսիայի ռեժիսորների միության նախագահ Ալեն Թերզյանը եւ այլք: Ինչպես Փարիզից հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:
Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանել է աշխարհրահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:
Շանսոնյեն նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումը շատ կարեւոր հարց է, եւ այն ավելի ցավոտ կընդունվի Ադրբեջանի կողմից, քան նույն Թուրքիայի։ «Ադրբեջանը մտավախություն ունի, թե ճանաչման գործընթացին զուգընթաց Թուրքիան կսկսի գիտակցել, որ չի կարող խուսափել դրա ընդունումից»: Դրանից ավելի շատ Ադրբեջանն է մտահոգված եւ երկյուղում է, որ ցեղասպանության հարցի արծարծումը մեծ արձագանք կստանա, եւ շատ նախագծեր, որ իրականացվում են Թուրքիայի կողմից, կսկսեն կրճատվել:
«Այս գործըթնացը Ադրբեջանին ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաեւ սահմանի բացումը: Դրանից Բաքուն շատ է վախենում»,- ասել է Ազնավուրը:
Ազնավուրն անդրադարձել է նաեւ իր գործունեությանը, եւ նշել, որ այժմ էլ շարունակում է երգել եւ երգեր գրել: Նա հայտնել է, որ առաջիկայում ցանկանում է նոր ալբոմ թողարկել:
«Քանի որ դիվանագիտական աշխատանք եմ իրականացնում, ես որոշ ժամանակ նաեւ փախցնում եմ իմ արտիստի կյանքից, որ հասցնեմ աշխատանքը»,- ասել է Ազնավուրը՝ վստահեցնելով, որ միշտ էլ շարունակելու է երգելը:
Նա տեղեկացրել է, որ համաձայնել է դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում, քանի որ, որպես հայ ժողովրդի զավակ, ամենաճանաչվածներից է, եւ համոզված է, որ իր հռչակը կօգնի շատ հարցեր բարձրացնել հօգուտ Հայաստանի եւ հայ ժողովրդի:




























