Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների ներկայացուցիչները պետք է հանդիպեն եւ բանակցեն, որպեսզի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտացվի։ Այս մասին, ինչպես գրում է թուրքական Today’s Zaman թերթը, հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի-Ռեյը։

Թերթը ուշադրություն է դարձնում Շվեյցարիայի Սեցիալ-դեմոկրատ կուսակցության պատգամավոր Մարիո Ֆերայի այն հարցին, թե Հայոց ցեղասպանության մերժման համար շվեյցարական դատարանի՝ երեք թուրքերին ներկայացված մեղադրանքը հանդիսանո՞ւմ է արդյոք պետության պաշտոնական դիրքորոշումը։

Երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորին, որ Շվեյցարիայի դաշնային կառավարությունն իրավունք չունի մեկնաբանել դատարանի կողմից կայացված իրավական որոշումները։ Կալմի-Ռեյը կրկին հիշեցրել է 2009 թ. հոկտեմբերի 13-ին Շվեյցարիայի կառավարության կողմից արված հետեւյալ հայտարարության մասին. «Շվեյցարիայի դաշնային կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին պետք է հորդորել համաձայնության գալ պատմական հարցերի շուրջ»։