Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ եւ Թուրքիայի խորհրդարանական թուրք-ամերիկյան բարեկամության խմբի նախագահ Սուաթ Քընըքլըօղլուն արդեն Երեւանում է եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի սեմինարին։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Քընըքլըօղլուն մինչ Երեւան ժամանելը, անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 հայկական բանաձեւի ընդունմանը, նշել է. «Եթե մենք նույնիսկ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնենք էլ, միեւնույնն է հայկական Սփյուռքը շարունակելու է Ցեղասպանության ճանաչման արշավը։ Սակայն կարծում է, որ արձանագրությունների վավերացումից եւ սահմանների բացումից հետո հայկական նման բանաձեւեր այլեւս չեն հայտնվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»,-նշել է Քընըքլըօղլուն։
Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ եւ աջակցի այդ երկրների միջեւ խաղաղության համար ճանապարհային քարտեզի ձեւավորմանը։ Ըստ Քընըքլըօղլուի, այս պարագայում Թուրքիան կվավերացնի արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն։



























