Այսօր Թուրքիան գրեթե հասել է իր նպատակին՝ «զրո խնդիր հարեւանների հետ», եւ դժվարություններ ծագում են միայն Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն։

Նա ընդգծել է, որ Թուրքիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ այդ ճանապարհին նախապայմաններ չի դնում. «Մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չենք կապում ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Պարզապես մեկը մյուսից է բխում. ինչպե՞ս կարելի է վերացնել մի խնդիրը, եթե դրա կողքին կա մեկ ուրիշը»,- նկատել է նա։

Քընըքլըօղլուն նշել է, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի խաղաղության եւ կայունության նպատակից ելնելով, իսկ դա հնարավոր չէ ղարաբաղյան հակամարտության առկայության դեպքում։ Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան չի ձգձգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, այլ միայն հարմար պահի է սպասում։ «Իսկ ահա Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը միայն բարդացնում է գործընթացը։ Եթե այն նախատեսված է միայն ներքին սպառման, այսինքն՝ Հայաստանում արձանագրություների վավերացման գործընթացը հեշտացնելու համար, դա այլ խնդիր է։ Բայց նա, ում մենք վստահում ենք, պետք է հստակ երաշխիքներ տա, որ ՍԴ որոշումը հենց այդ նպատակն է հետապնդում»,- հայտարարել է թուրք պատգամավորը։

Քընըքլըօղլուն կրկին ընդգծել է, որ Անկարան պատրաստ է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները միայն ղարաբաղյան հակամարտության ճանապարհային քարտեզի մշակման դեպքում. «Մենք գիտենք, որ Հայաստանն սպասում է Թուրքիայի որոշմանը եւ դա նորմալ ենք համարում։ Այո, մենք պատրաստ ենք առաջինը վավերացնել արձանագրություները, եթե նմանօրինակ քարտեզ մշակվի»,- հայտարարել է նա։

Ամփոփելով՝ Քընըքլըօղլուն համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ապագայում փայլուն հարաբերություններ կհաստատվեն, եւ որ ինքն անհամբեր սպասում է դրան։ «Սակայն մենք սկզբում պետք է սովորենք ճիշտ արտասանել միմյանց անուններն ու ազգանունները»,- կատակել է պատգամավորը։