«ՆԱՏՕ-ի անվտանգությունը սկսվում է Հարավային Կովկասից»,- Երեւանում կայացած ՆԱՏՕ-ի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարին հայտարարել է ժողովրդավարական վերահսկողության Ժնեւյան կենտրոնի աշխատակից Սայմոն Լանը։
Նա ընդգծել է, որ Եվրոպայի անվտանգության բարձրացման համար ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանի հետ համագործակցության ոսկե միջինը գտնի։ «Աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է, վերցնենք թեկուզ հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հարցը։ Նրանցից մեկնումեկի դրական կամ բացասական տեղաշարժը միանգամից անդրադառնում է մյուսի վրա»,- հավատացրել է Լանը։ Խոսելով սեմինարից ստացած իր տպավորությունների մասին՝ նա ընդգծել է, որ հայկական եւ թուրքական պատվիրակությունների միջեւ երկխոսությունը իրեն լավատեսություն է ներշնչել։
Սեմինարի կազմակերպիչներից մեկը՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, ընդհանրացնելով հայ պատվիրակների դիրքորոշումները, իր հերթին նշել է, որ հայկական կողմի համար ղարաբաղյան հարցում ընդունելի լուծումը պետք է լինի ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ «ԼՂ ներկա կարգավիճակից ցածր ցանկացած կարգավիճակ հայկական կողմի համար անընդունելի է։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ընդգծել է նա։ Օգտվելով առիթից՝ Ավագյանը Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար շնորհակալություն է հայտնել Շվեդիայի եւ մյուս երկրների խորհրդարաններին։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ պատգամավորը հայտարարել է, որ դրանք պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։
Սեմինարը կարող էր այս դրական նոտայով էլ ավարտվել, եթե… Եթե բոլորին հերթական անգամ չհիասթափեցներ Թուրքիան, եւ եթե դահլիճից հեռացող պատվիրակներին չկանգնեցնեին իրենց թուրք գործընկերոջ՝ պատգամավոր Քուրսաթ Աթըգլանի ջղային բացականչությունները, ով, չկարողանալով զսպել իր զգացմունքները, ինքն իրեն «խոսք տվեց». «Թուրքիան երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ «Հայաստանը կարող է ապրել երազանքներով, Թուրքիան՝ ոչ։ Պետք է պատմաբանների հատուկ հանձնաժողով ստեղծվի, պետք է արխիվները բացվեն։ Բոլորը պետք է իմանան, որ հնչակների եւ դաշնակցականների կողմից 1 մլն թուրք է սպանվել»,-շարունակել է բղավել նա։ Պատվիրակներին, սակայն, թուրքի զգացմունքները առանձնապես չեն հուզել եւ ուսերը թափ տալով՝ նրանք լքել են դահլիճը։




























