Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆուլեն կոչ է արել Թուրքիային ավելի մեծ ջանքեր ներդնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաեւ Կիպրոսի հունական հատվածի համար բացել իր նավահանգիստները, գրում է իռլանդական Irish Sun թերթը։

Համաձայն թերթի տեղեկության, Ֆուլեն դարավոր թշնամանքին վերջ դնելու համատեքստում ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորությունը։

«Որպես նախկին Չեխոսլովակիայի ներկայացուցիչ՝ կարող եմ ասել, որ ձեր պատմության քաղաքականացումը բարդացնում է հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացը»,- Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողներին հայտարարել է Ֆուլեն։

Կիպրական խնդրի շուրջ նա հետեւյալ կերպ է հանդես եկել. «ԵՄ կարեւորում է նաեւ Թուրքիայի ու Կիպրոսի հարաբերությունների կարգավորումը։ Մենք համոզված ենք, որ այս հարցի կարգավորումը պատմական կարեւորություն ունի ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ ԵՄ համար»։