ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Ռուսաստանի դիրքորոշման վրա, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Նեստերենկոն մասնավորապես նշել է, որ համանախագահի փոփոխությունը պայմանավորված է Յուրի Մերզլյակովին դիվանագիտական նոր պաշտոնի նշանակմամբ։ Նա հույս է հայտնել, որ ռուս նոր համանախագահն իր պարտականությունների իրագործման ժամանակ պակաս ակտիվություն չի ցուցաբերի։ «Կուզեի ավելացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը Մինսկի խմբում չի որոշվում ներկայացուցիչների կողմից։ Այն որոշվում է նախագահի եւ իրականացվում արտաքին գերատեսչության կողմից»,- ասել է Նեստերենկոն։

Նեստերենկոն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է կապվի հայ-թուրքական հարաբերությունների հետ. «Մենք հասկանում ենք, որ այդ երկու գործընթացները չեն կարող չազդել միմյանց վրա։ Միեւնույն ժամանակ հավատարիմ ենք մեր սկզբունքներին, որ երկու խնդիրներն էլ փոխարդյունավետ լուծվեն։ Հակառակ դեպքում երկու հարցերի սառեցման վտանգ ի հայտ կգա»,- նշել է Նեստերենկոն։ Նրա կարծիքով, պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի ԼՂ կարգավորումը գերի չընկնի հայ-թուրքական գործընթացին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել՝ խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար։ Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ՝ 2007թ. նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. 4 բանաձեւերը՝ շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։