Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները։ Մարտի 17-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նմանատիպ հայտարարությունները, նրա խոսքով, ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Սարգսյանի կարծիքով, Թուրքիայի կառավարությունում հնչող հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հաշտեցմանը։
Իսկ եթե կան անօրինական գաղթի խնդիրներ, ապա դրանք, ըստ վարչապետի՝ պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհներով, իսկ դրա համարել էլ պետք է, որ կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները։
Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Թուրքիայում հայ գաղթականների թվաքանակը, երկրի կառավարության տվյալներով, մի քանի անգամ քիչ է Էրդողանի նշած թվից։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշմանը, ինչը բարձրացնում է Հայաստանի եւ նրա իշխանությունների միջազգային վարկը։
Վարչապետի կարծիքով, թուրքական իշխանությունները նմանատիպ գնահատականներով եւ արտահայտություններով հաջողությունների չեն կարող հասնել հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե նույնիսկ նման ցանկություն ունեն։
«Թուրքական իշխանությունների կատարած ամեն հայտարարությունից հետո, մենք պատրաստվում ենք փոխել մեր քաղաքականությունն այդ հարցում»,-նշել է կառավարության ղեկավարը։
Իր հերթին էլ Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հավելել է, որ «Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, հարգում են իրենց ստորագրությունը»։



























