Հայաստանում աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների ինդեքսավորման մասին օրենքի ընդունումը երկիրը կմտցնի գնաճային ռիսկերի մեջ, ինչը կհանգեցնի պետության մակրոտնտեսական համակարգի կործանմանը: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից մարտի 17-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի համապատասխան օրենսդրական նախաձեռնության մասին:

Նրա խոսքով, նման օրենքներ ընդունվում են այն երկրներում, որտեղ ինֆլյացիայի աճը կազմում է 10 տոկոս: «Բայց Հայաստանի պես երկրներում, որտեղ գնաճի կայուն մակարդակ է, նման օրենքի ընդունումը նպատակահարմար չէ»,- նկատել է վարչապետը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե կառավարությունը ներկայումս աշխատում է այլ ուղղությամբ՝ գների աճի զսպման ուղղությամբ քայլեր է կատարում: «Ավելի նպատակահարմար կլինեն ոչ թե ինդեքսավորել բնակչության եկամուտները, այլ փորձել զսպել գնաճը, ինչի վրա էլ այժմ աշխատումէ կառավարությունը»,- ամփոփել է նա:

Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2010թ. փետրվարին արձանագրվել է գնաճ 0,3 տոկոսի չափով, իսկ հունվար-փետրվարին՝ 2 տոկոսի: 2009թ. տարեկան կտրվածքով գնաճը Հայաստանում կազմել է 6,5 տոկոս: ՀԱմաձայն ԿԲ կանխատեսումների, ապրիլի վերջին, մայիսին տարեկան գնաճի մակարդակը Հայաստանում կազեմլու է 7-8 տոկոս: