Թբիլիսիում ապրիլի 30-ից մայիսի 3-ը կայանալու է «Կամուրջ» հայ-վրացական տնտեսական համաժողովը՝ «Համատեղ ուժերով ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրում» կարգախոսով:
Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու «Մաստեր» միջազգային ինտեգրման աջակցության կենտրոնն են:
Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ համաժողովը կդառնա երկու երկրների ինտեգրմանը նպաստող քայլ:
Նրա խոսքով, նման միջոցառումները թույլ կտան Հայաստանին եւ Վրաստանին համատեղ հանդես գալ որպես տարածաշրջանային մի միավոր՝ խոշոր օտարերկրյա ներդրումների եւ տրանսազգային ընկերությունների համար:
Համաժողովի արդյունքներով նախատեսվում է վրացական կողմի հետ կարգի բերել համագործակցությունը շինարարական եւ բանկային ոլորտներում:



























