Չնայած Բարակ Օբամայի վարչակազմի դիրքորոշմանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը չի կարող արգելափակվել։ Այս մասին, ինչպես հայտնում է Associated Press-ը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։
Նա հերքել է բոլոր այն խոսակցությունները, որ ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի հետագա ընթացքը պետք է կասեցվի։
«Կոնգրեսն անկախ մարմին է եւ կանի այն, ինչ որոշել է անել»,- նախօրեին հայտարարել է Գորդոնը։
Նա միեւնույն ժամանակ խոստովանել է, որ Կոմիտեի որոոշումը ամերիկաթուրքական հարաբերություններն արգելակեց հենց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրի հարցում Թուրքիայի կարիքն էր զգում։
Ինչպես նշել է Գորդոնը, բանաձեւը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում։ Նա միեւնույն ժամանակ ասել է, որ գործընթացը փակուղի չի մտել։ Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի վարչակազմի դիրքորոշմանը, Ֆիլիպ Գորդոնը հայտնել է, որ այն բանակցությունների շրջանակներում երկու երկրների հաշտեցման մեջ է։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականն իր ելույթում կոչ է արել Թուրքիային՝ ճնշում գործադրել Իրանի վրա։ Նա Թուրքիային քննադատել է այն բանում, որ վերջինս չի սատարում Իրանի՝ միջուկային օբյեկտներ կառուցելն արգելող ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւին։
«Այն դեպքում, երբ ողջ միջազգային հանրությունը հանդես է գալիս Իրանի միջուկային ծրագրի դեմ, Թուրքիայից իրարամերժ հայտարարություններ են հնչում ,- նշել է Գորդոնը»։



























