ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, Եվրասիայի հարցերով պատասխանատու Ֆիլիպ Գորդոնը մասնակցելով Սաբանջը եւ Բրուքինգս համալսարանների համատեղ կազմակերպած կոնֆերանսին` պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Թուրքական Ilhassondakika-ի փոխանցմամբ` Գորդոնը նշել է, որ նպատակ չունի հայկական նախագիծն ընդունելով, Թուրքիայի վրա ճնշում գործադրել, կամ այն որեւէ գործիքի օգտագործել:
«Հայ-թուրքական փակ սահմանները արգելք են տարածաշրջանում բոլոր երկրների շահերից բխող բաց էներգետիկ միջանցքի ստեղծման համար:

ԼՂ խնդիրը, Էներգետիկ խնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Կովկասի երեք կարեւոր խնդիրներն են եւ դրանցից յուրաքանչյուրը ազդում է մյուսի վրա, սկայն նրանք չպետք է կապել իրար, որովհետեւ ամեն ինչ կխառնվի: Այդ երեք խնդիրների համաժամանակյա առաջ մղելու համար անհրաժեշտ է, որ բոլորը իրենց ձեռքից եկածը անեն»,- ասել է նա:

«ԼՂ խնդրի կարգավորման համար ակտիվ ջանքեր են գործադրվում: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ կայունության հաստատումը բխում է նաեւ տարածաշրջանի շահերից: Բայց այս գործընթացը չպետք է խանգարի մյուս խնդիրներում քայլեր անելուն: Այսինքն, չպետք է ազդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Մեր համար անհասկանալի է, որ արձանագրությունների վավերացման համար Թուրքիան մյուս խնդրի կարգավորմանն է նայում: Արձանագրությունների վավերացումը օգուտ կտա Թուրքիային եւ Հայաստանին, իսկ մյուս խնդիրներում էլ կհեշտացնի կարգավորման ջանքերը»-նշել է Ֆիլիպ Գորդոնը: