Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կողմից Լոնդոնում BBC-ին արած հայտարարությունը՝ անհրաժեշտության դեպքում հայերին վտարելու մասին, թուրքական իշխանությունների նոր գլխացավանքն է դարձել:

Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունից դեռեւս պաշտոնական հայտարարություն չի եղել Էրդողանի այս հայտարարության վերաբերյալ, սակայն կուսակցության երկու պատգամավորներ արդեն արտահայտել են իրենց կարծիքը: Հիշյալ կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանը հետեւյալ կերպ է արձագանքել Էրդողանին. «Այդպիսի մոտեցումը Թուրքիայի դեմ արվող ամենամեծ անարդարություններից մեկն է: 72 միլիոնանոց ուժեղ Թուրքիայի կողմից նման քայլի դիմելը արտաքին քաղաքականությունում կբերի մեկուսացման եւ խիստ քննադատության Թուրքիայի դեմ: Ճիշտ մոտեցում չէ, ոչ էլ իրավական է»: Իսկ Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, որը վերջերս անդամագրվեց «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, որպեսզի վերջինս կարողանա խորհրդարանում խմբակցություն կազմել, հայտարարել է, որ Էրդողանի առաջարկածը 21-րդ դարի բռնի տեղահանման գաղափարի իմաստ ունի: