Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված հայկական բանաձեւի ապագայի մասին հարցին:
Թուրքական Star-ի փոխանցմամբ` լրագրողներից մեկը հարցրել է Գյուլին, թե արդյոք կրկին խոսելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ինչին Թուրքիայի նախագահը պատասխանել է. «Մեկ անգամ արդեն խոսել ենք: Սրանից հետո այս թեմայի հետ կապված Օբամայի հետ խոսելու բան չունեմ: Բավականին մանրակրկիտ խոսեցինք, բացատրեցինք: Այդ թեմայի հետ կապված մեր ասելիքը ասել ենք: Այսուհետ մնում է նրանց ասելիքը: Նրանց որոշումը դժվարացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ամեն դեպքում, Կովկասի խնդիրները մեր խնդիրներն են: Ներկա իրավիճակը ո՛չ Հայաստանին, ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին ձեռնտու չէ: Մենք Կովկասում խաղաղության համար մեր ձեռքից եկածը անելու ենք»,-նշել է Գյուլը:
Նշենք, որ ԱՄՆ-ում թիվ 252 հայկական բանաձեւի ընդունումից հետո Աբդուլլահ Գյուլը բավականին խիստ արձագանքեց: Թե՛ Գյուլը, թե՛ վարչապետ Էրդողանը ներկայացուցիչների պալատի անդամներին անձնական բնույթի վիրավորանքներ հասցրեցին` մեղադրելով նրանց թեմայի հետ կապված 3 բառ խոսել չկարողանալու եւ քարտեզի վրա Հայաստանի տեղը չիմանալու մեջ:



























