ՀՅԴաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում կոչ է արել Թուրքիայում ապրող հայերին անհապաղ լքել այդ երկիրը, քանի որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները կարող են ազդանշան ծառայել ազգայնական ուժերի համար՝ համապատասխան գործողություններ ձեռնարկելու:

«Լավ է, երբ Հայաստանի արտգործնախարարը փորձում է պատասխանել Էրդողանի խոսքերին, բայց, կարծում եմ, ավելի լավ կլիներ, եթե նա պատասխաներ ԱՄՆ պետքարտուղարին կամ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին, որոնք փորձում են խոչընդոտել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու այն կասկածի տակ են դնում»,- նկատել է Հովհաննիսյանը:

Նա նաեւ քննադատել է Էդվարդ Նալբանդյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին իրադարձությունների եւ 20-րդ դարասկզբի միջեւ զուգահեռներ տանելու համար: «Եթե այսօր Թուրքիայի վարչապետը սպառնում է արտաքսել ապօրինի ապրող հայերին, 20-րդ դարասկզբին հայերն իրենք էին այդ տարածքների տերերը, նրանք ապրում էին իրենց հողերում, այդ թուրքերն են ապօրինի քոչել այնտեղ եւ թափառականի կյանք էին վարում»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ օրերս Թուրքիայի վարչապետը սպառնացել է արտաքսել այդ երկրում ապօրինի ապրող հայերին, որոնց թիվը, ըստ Էրդողանի, հասնում է 100 հազարի: