«Ժառանգություն» կուսակցությունը պատրաստում է պատասխան հայտարարություն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորներին:
«Մենք պետք է ԵԽԽՎ պատգամավորներին հարցնենք՝ կարո՞ղ է արդյոք ԵԽ անդամ հանդիսացող երկրի պաշտոնատարը խոսել շանտաժի եւ սպառնալիքների լեզվով: Չի կարելի մոռանալ, որ Ստամբուլը՝ նույն Կոստանդնուպոլիսը, հայերի, հույների, ասորիների, նաեւ թուրքերի հայրենիքն է»,- Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Էրդողանի հայտարարություններին է անդրադարձել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու նշել, որ նման հայտարարությունները միայն խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու գցում Թուրքիայի իշխանությունների միջազգային հեղինակությունը:
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր երկրից արտաքսել ապօրինի ապրող հայերին, որոնց թիվը, ըստ նրա, կազմում է 100 հազար:



























