Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների մասնակցությամբ կայացած համաժողովում անդրադարձել է աշխարհում եւ Թուրքիայում աղմուկ հանած իր կողմից ասած «100 հազար անօրինական հայերին արտաքսելու ենք» արտահայտությանը եւ կոշտ արձագանքել իրեն քննադատող լրագրողներին։
«Մեր առաջին քայլը եղավ Հայաստանի հետ օդային հաղորդակցության բացումը։ Հիմա կոչ եմ անում մեզ մարդկությունից դասեր տվող որոշ լրագրողների, ձեր դատապաշտպանական գործառույթը ճիշտ իրականացրեք։ Դուք, նախ թուրք ազգի դատապաշտպանն եք։ Նրանք թող նախ հայելու մեջ նայեն եւ նոր գրեն։ Վանա լճի Ախթամար կղզու եկեղեցին վերանորոգեցինք՝ առանց ինչ-որ մեկի կողմից հրաման ստանալու։ Դրանք չեն տեսնում։ Մեր երկրում հայ քաղաքացիների հետ կապված որեւէ խնդիր չի եղել։ Մենք այժմ աշխատում ենք մեր երկրից հեռացած սիրիացիներին ետ կանչել Թուրքիա։ Սա նույնպես չեն տեսնում։ Լոնդոնում իմ ասած „հայերին երկրից վտարել“ արտահայտությունը BBC-ում եւ այլուր սկսվեց ետին իմաստով օգտագործվել եւ ավելացվել ու օգտագործվել է „անօրինական“ բառը։ Ափսոս, որ այդ ամենը հեռուստատեսությունները եւ թերթերը օգտագործում են։ Ուզում եմ հիշեցնել, որ ես մեր երկրում առաջին վարչապետն եմ, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ պարզ արտահայտել եմ մեր վերաբերմունքը։ Ինձ ներողություն խնդրելու կոչ անողներին եմ դիմում, մենք շատ լավ գիտենք թե ումից ներողություն խնդրենք։ Ինձ համար շատ կարեւոր է թե ինչն է իմ ազգի համար վայել, որ լինի»,-նշել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը, շատ լավ գիտակցում է, որ «100 հազար անօրինական հայերին արտաքսելու ենք» արտահայտության մեջ «անօրինական» բառը ասած թե չասած՝ նույն հաշիվն է, կարեւորն այս արտահայտության մեջ «արտաքսելն» է։ «Արտաքսելն» է, որ հարազատ է իր թուրքական խառնվածքին, «զանվածաբար արտաքսել», ինչպես կասեր իր պապերից մեկը՝ Թալեաթը։ Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներն, նրանց մեծ մասը ի սկզանե բառացիորեն մեջ է բերել Էրդողանի ասածը, ուստի սխալմունք չէր կարող լինել։ Իսկ թե ինչ են ասել մի քանի երրորդ կարգի լրատվամիջոցներ, էական չէ, եւ ոչ մի կերպ չի կարող արդարացնել թուրք վարչապետին։



























