Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Դոլմաբախչեի պալատի վարչապետական գրասենյակում հանդիպել է թուրք թատերագետների եւ կինոգործիչների հետ, որի ընթացքում կրկին անդրադարձել է Լոնդոնում իր արած հայտարության արձագանքներին։

Թուրքիայի վարչապետը կրկին մեղադրել է հայկական նախագիծը որոշ երկրների խորհրդարաններում ներառելը եւ խորհուրդ տվել չխառնվել հարեւանների հետ իրենց հարաբերություններին։ «Մենք մեր քաղաքացիներից կամ գաղթականներից չենք խոսում։ Լոնդոնի իմ հայտարարությամբ պարզապես փորձել ենք աշխարհի ուշադրությունը գրավել մեր հանդուրժողական պահվածքի վրա։ Մենք այդ հարցը բարի կամքի տեսանկյունից ենք դիտում։ Մենք կարիքավոր անձանց հանդեպ հանդուրժողականություն ենք ցուցաբերել եւ ցուցաբերում ենք։ Սա մեծ ազգին վայել է։ Մենք մինչ այսօր երբեք հայկական Սփյուռքի կատարած սխալ քայլերի պատճառով հաշիվ չենք պահանջել Հայաստանից կամ հայերից։ Անհրաժեշտ է, որ մեր բարի կամքը եւ դրսեւորումը սխալ տեսանկյունից չընդունել։

Հայկական Սփյուռքը երբեք Հայաստանի հանդեպ դրական պահվածքով հանդես չի եկել։ Նրանք ֆինանսական տեսանկյունից շատ հզոր են, սակայն Հայաստանին չեն աջակցում։ Հայաստանը աղքատության մեջ է։ Այսօր Հայաստանից մարդիկ Ռուսաստան եւ հարակից երկրներ են գաղթում։ Որովհետեւ Հայաստանում կյանքի պայմանները ծայրահեղ վատ են։ Այդ մասին ինձ անձամբ ՌԴ վարչապետ Պուտինն է ասել։ Պուտինը ասել է, որ ամեն տարի 200 հազար հայ է գաղթում Ռուսաստան։ Իմ այս հայտարարությունների կողքին որոշ անձանց կողմից օգտագործված տեղահանություն տերմինը շատ անհաջող է»,-նշել է Էրդողանը։