«Բոլոր հույսերը, թե Թուրքիան քաղաքակրթվել է, փոխվել է, ի դերեւ ելան, եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը հայերին վտարելու մասին պատասխանն էր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին թռնել Թուրքիայի գիրկը»,- մարտի 22-ին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, մենք ուժեղ կլինենք այն ժամանակ, երբ միասնական լինենք Ցեղասպանության ճանաչման հարցում եւ հասկանանք, որ սխալ է ցանկացած գործողություն, որն արվում է Ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:
«Հայաստանը պետք է օր առաջ դուրս գա հայ-թուրքական գործընթացից եւ Թուրքիան տվել է այդ հնարավորությունը: Որքան շուտ անենք այդ քայլը, այնքան շուտ կվերականգնենք մեր միասնականությունը եւ ավելի արժնապատիվ կլինենք»,- ասաց Ա. Մինասյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Էրդողանի հայտարարության վերաբերյալ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լռություն են պահպանում, դաշնակցական գործիչը պատասխանեց, որ այդ հայտարարությունը անգամ նրանց համար է անակնկալ եղել, բայց նախ եւ առաջ ՀՀ դիվանագիտությունը պետք է բարձրաձայնի, որ ցեղասպանության քաղաքականությունը, որը պետական է եղել 20-րդ դարի դարասկզբին, շարունակվում է, այն չի փոխվել:
«Նախաձեռնողական քաղաքականությունը ամբողջովին տապալված է, եւ եթե ՀՀ իշխանությունները դեռ փորձում են շահագրգռել Թուրքիային, որ վավերացնի արձանագրությունները, նշանակում է դաս չեն առել ու չեն խելոքացել»,- ընդգծեց նա:




























