Թուրքական խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության փոխնախագահ, նախկին դիվանագետ Օնուր Օյմենը հայերի հետ կապված երկու ողբերգական հիշողություն ունի։

Թուրքական Bugun-ի փոխանցմամբ՝ Օնուր Օյմենի նախնիներից մեկին ժամանակին դատապարտել են մահապատժի՝ Հայերի տեղահանության ժամանակ ցուցաբերած անփութության համար, իսկ մյուս ազգականին հայերը Էրզրումում այլ թուրքերի հետ մեկտեղ փակել են մզկիթում ու այրել։

Նշենք, որ Օնուր Օյմենը ամիսներ առաջ քրդական հարցի լուծման համար օրինակ բերեց 1937-ի Դերսիմի կոտորածները, որի ընթացքում կոտորվել են մինչեւ 90 հազար քրդեր։ Նրա այդ հայտարարությունը լուրջ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում։

Ի դեպ, Օնուր Օյմենը մշտապես դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունները թուրքական խորհրդարանում վավերացնելուն եւ պահանջել է ետ կանչել դրանք։ Իսկ հետաքրքիր զուգադիպությամբ, Էրդողանի հայտարարած՝ անօրինական աշխատող հայերին Թուրքիայից վտարելու հայտարարությանը դեմ է հանդես եկել։ Օյմենը նշել է, որ իրավական երկրներում, եթե մարդկայնորեն վերաբերվեն, պետք է աշխատանքի իրավունք տան այդ անձանց։