Մինչեւ այս տարվա վերջ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը դժվար թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունի: Միայն այս տարի ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ 30 մլրդ դոլարի ռազմական պայմանագիր կա: Բացի այդ, Թուրքիան այդ հարցում չի կարող չօգտագործել իր աշխարհաքաղաքական ազդեցությունը: Այդ մասին մարտի 23-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ջեմ Թոքերը:

Նրա խոսքով, Անկարայի վրա միջազգային ճնշման պայմաններում թուրք գործիչներին, որոնք մշտապես հանդես են գալիս Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին, ավելի բարդ է պնդել իրենց տեսակետը:

Հարցին՝ ճանաչո՞ւմ է արդյոք անձամբ Հայոց ցեղասպանությունը, թուրք գործիչն ընդգծեց, որ չի սիրում պատմությունը, որը հոգնեցնում է. «Ակնհայտ է, որ սարսափելի իրադարձություներ են եղել: Ես չգիտեմ՝ հնարավո՞ր է դրանք ցեղասպանություն կոչել: Ինձ ծանոթ են հայ պատմաբանների տեսակետը, որոնք պնդում են ցեղասպանության վարկածի վրա: Նրանց թուրք գործընկերները փոքր-ինչ այլ կարծիք ունեն: Հասկանում եմ, որ այդ հարցը չափազանց կարեւոր է բոլոր հայերի համար: Ձեր երկրում ես արդեն 5-րդ անգամն եմ, եւ հասկացել եմ մի բան՝ յուրաքանչյուր ընտանիք ունի իր պատմությունը՝ կապված 1915թ. դեպքերի հետ: Բայց ես նաեւ շատ պատմություններ եմ լսել, թե ինչպես են թուրքերը փրկել հայերին, սնել նրանց երեխաներին եւ հագուստ տվել»,- ասել է Թոքերը՝ նշելով, որ այդ հարցում չեզոքություն է պահպանում, բայց այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանը: