Հայաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները՝ արտաքին քաղաքական ոլորտում իրենց նախորդների կատարած սխալներն ուղղելու մտադրության մասին, այնքան էլ հասկանալի չեն, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Ես չեմ հասկանում, որ ներկայիս իշխանությունները խոսում են իրենց նախորդների արտաքին քաղաքական սխալների շտկման մտադրության մասին, եթե բազմիցս հայտարարել են, որ շարունակում են նրանց ուղեգիծը»,- նկատել է Ռուստամյանը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջերս տված հարցազրույցը, որում նա հերքել է այդ թեզը: «Այո, ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքները մշակվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, բայց Սերժ Սարգսյանի եւ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի օրոք դրանք լրամշակվել են եւ, ինչպես վկայում է տրամաբանությունը, ոչ հայկական կողմի օգտին, քանի որ Ադրբեջանը, որ չէր համաձայնվում սկզբունքների հետ, համաձայնվեց լրամշակված տարբերակին»,- ընդգծել է Ռուստամյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգավորմանը, ըստ Ռուստամյանի՝ Հենց Ռոբերտ Քոչարյանն էր ժամանակին մերժել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ներկայիս իշխանությունները համաձայնվեցին այդ առաջարկին, որը կա հայ-թուրքական արձանագրություններում»,- ասել է Ռուստամյանն ու հավելել, որ թեեւ հայկական կողմը հերքում է հանձնաժողովի ստեղծումը, միջազգային հանրությունը հենց դա նկատի ունի, ինչը վկայում են ԱՄՆ պետքարտուղարի, Շվեդիայի արտգործնախարարի եւ այլոց հայտարարությունները: