Երեւանում է գտնվում Թուրքիայի «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության ղեկավար Ջեմ Թոքերը, ով ուղիղ 10 օր առաջ՝ մարտի 13-ին արել է հայի ինքությունը եւ ինքնասիրությունը վիրավորող հայտարարություն։ Վերջինս արդեն 5-րդ անգամ է այցելում Երեւան։ Հետախուզա-քարոզչական այցը լրիվ տեղավորվում է թուրքերի ավանդական ապրիլյան այցերի հասկացողության կամ մինչ ապրիլ 24-յան ժեստերի շրջանակներում։
Ջեմ Թոքերը մարտի 23-ին Երեւանում հայ լրագրողների հետ հանդիպմանը փորձեց իր կուսակցության անվանը համարժեք իրեն ցուցադրել։ Ամբողջ ասուլիսի ընթացքում Թոքերը աշխատում էր շեշտել, որ ինքը կողմնակից է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց….։ Բայց վերջինս դեմ է հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացմանը եւ պնդում է, որ ժամանակ է պետք երկու ժողովուրդների միջեւ վստահությունը վերականգնելու համար։ Այսինքն, նա նույնպես շատ պարզ հասկացնում է, որ թե՛ իր, թե՛ Թուրքիայի համար կարեւոր է ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների դրական արդյունքը, այլ դրա մասին գրելը, խոսելը, որպեսզի դրանցով կանխվի այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը։ Իհարկե, թուրք գործիչը հայ լրագրողների մոտ բարի եւ հանդուրժողական քաղաքական գործչի տպավորություն թողնելու համար փորձեց ձեռքի հետ հերթապահ հայտարարությամբ ճիշտ չհամարել Էրդողանի Լոնդոնում արած հայտնի հայտարարությունը։ Իսկ հետաքրքիր է, ինչո՞ւ չի մտածում թուրք կուսակցապետը, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնք ուշադիր հետեւած կլինեն Թուրքիայում իր հակահայկական գործունեությանը։
Չծանրանալով նրա կողմից նախկինում արած հայտարարություններին, նշենք ուղիղ մեկ շաբաթ առաջ Ջեմ Թոքերի կողմից հայի ինքությունը եւ ինքնասիրությունը վիրավորած հայտարարությունը։ Զարմանալի թող չթվա, բայց սույն «հանդուրժող» գործիչը ամենախիստ ձեւով արձագանքեց ԱՄՆ-ի եւ Շվեդիայի կողմից Հայկական օրինագծերի ընդունմանը։ Թուրք գործիչը կասկածի տակ առավ ԱՄՆ կոնգրեսմենների գիտակցական մակարդակը՝ հայկական նախագծին կողմ քվեարկելու տեսակետից։ Իսկ ահա Շվեդիայի կողմից Ցեղասպանության ընդունումից հետո, երբ մի շարք թուրքական ազգայնական կուսակցություններ պարզապես հայտարություններով բավարարվեցին, Ջեմ Թոքերը իր կուսակիցների հետ բողոքի ակցիա կազմակերպեց Ստամբուլում Շվեդիայի հյուպատոսության դեմ։ Թոքերը այդ բողոքի ակցիայի ընթացքում արել է հետեւյալ հայտարարությունը, որ այնուհետ տեղադրվել է իր կուսակցության կայքէջում։ «Հայոց ցեղասպանությունը չի հետաքրքրում Հայաստանի քաղաքացիներին, որոնք նույնիսկ չեն էլ խոսում դրա մասին։ Դրա մասին միայն Սփյուռքն է հիշում։ Հայաստանում երիտասարդները բողոքում են աղքատությունից, գործազրկությունից եւ դժվարություններից։ Եթե այս պահին ասվի, որ Թուրքիան սահմանը բացում է եւ բոլորը առանց վիզայի կարող են անցնել՝ Հայաստանը մեկ օրում կդատարկվի եւ Հայաստան անունով երկիր չի լինի։ Կրկին ուզում եմ զգուշացնել անգլիական խորհրդարանին, որ իրենք էլ եթե ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դրանով կդատապարտեն Հայաստանում շատ ծանր սոցիալական պայմաններում կյանքի համար կռիվ տվող հայ ժողովրդին»,-նշվել է սույն թուրք գործչի հայտարության մեջ։
Կարծում ենք, որ վիրավորական է գրել նույնիսկ, թե հայ ժողովրդին ում տեղն է դրել հիշյալ լավ հրահանգավորված թուրք կուսակցապետը։ Եւ հուսով ենք, որ վերջինիս Հայաստանում հյուրընկալած կազմակերպությունը հաշվի կառնի այս հանգամանքը, իսկ հայ հասարակությունն էլ կխորհի թե ում հետ գործ ունի։ Չպետք է մոռանալ ապրիլն է գալիս, թուրքական հետախուզա-քարոզչական պատվիրակությունների ներթափանցման շրջանը։
Արթուր Հակոբյան



























