Ժամանակակից պատերազմները մղվում են ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ տեղեկատվական հոգեբանական դաշտում։ Մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, նշելով, որ այսօր Հայաստանում տեղեկատվական անվտանգության տեսանկյունից լուրջ աշխատանք է տարվում:

Նա նկատել է, որ շատ պետական մարմիններում աշխատակիցները օգտվում են էլեկտրոնային փոստային ծառայություններից, մտնում տարբեր տեսակի չաթեր, ինչը վտանգում է ներքին տեղեկատվության անվտանգությունը։ Արա Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այս տարվա երկրորդ կեսին կկազմակերպվեն համապատասխան դասախոսություններ «տեղեկատվական հիգիենայի» պակասը լրացնելու համար: «Ինչպե՞ս բացատրել պաշտոնյաներին՝ պետական համակարգիչներից չմտնել „օդնոկլասնիկի“»,-հռետորական հարց է ուղղել նա: