«Իմ կարծիքով, դա բավական պարզ ձեւ է Ադրբեջանի կողմից իր շահերը պաշտպանելու համար, քանի որ այդ երկիրն ամեն քայլի կգնա, տապալելու համար հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը»,-NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը դադարեցրել է իր բանակցությունները Թուրքիայի հետ, պահանջելով՝ որ հայ-թուրքական գործընթացը կապվի ԼՂ խնդրի հետ:

«Սա Ադրբեջանի քայլերից մեկն է: Ի վերջո, հրաժարվել „Նաբուկո“-ն կառուցելուց, կամ մասնակցել այդ գործընթացին, դա ոչ միայն ճնշում է նշանակում Թուրքիայի վրա, այլ առաջին հերթին ԱՄՆ-ի ու Եվրամիության դիրքորոշումների վրա, քանի որ հենց նրանք են շահագրգռված հայ-թուրքական գործընթացի հաջողությամբ: Այսինքն, այս ճնշումը 2 ուղղություն ունի. Արեւմուտքի վրա եւ Թուրքիայի վրա, որովհետեւ հայ-թուրքական մերձեցումը ոչ մի լավ բան չի նշանակում Ադրբեջանի համար»,- նշեց նա:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ Ադրբեջանի այդ ճնշումները իրենց նպատակին հասնեն, քաղաքագետը պատասխանեց. «Քանի որ „Նաբուկո“-ն դեռ շատ բարդ է իրականություն դարձնելը, ապա Ադրբեջանի կողմից ճնշումը ավելի շատ ոչ թե պրակտիկ, այլ տեսական դաշտից է: Ավելին. քանի որ Թուրքիան մեծ ջանքեր չի գործադրում եւ չի հայտարարում, որ մեծ ցանկություն ունի „Նաբուկո“-ին մասնակցել, համոզված չեմ, որ Ադրբեջանի կողմից այդ շանտաժը մեծ ազդեցություն կարող է ունենալ: Եթե նույնիսկ „Նաբուկոն“ դառնա իրականություն, այն կարելի է կառուցել նաեւ այլ ճանապարհով` շրջանցելով Ադրբեջանը, ասենք՝ Միջին Ասիայից Իրանի տարածքով, ուստի չեմ կարծում, որ Ադրբեջանի ձեռքին այդ լծակն այդքան ազդեցիկ է»:

Նշենք, որ ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը երեկ հայտարարել էր. «Եթե իրոք տեսանելի նշույլներ ի հայտ գան, որ հայ-թուրքական մերձեցում է տեղի ունենում՝ առանց ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի, ապա Բաքվում երկար չեն խորհի: Գուցե իշխանությունները ուղղակիորեն չասեն, բայց կարող են պարզապես խաչ քաշել թե՛ Nabucco ծրագրի իրագործման, թե՛ եվրոպական էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք այլ ծրագրերի վրա»:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները կապված Նաբուկո նախագծով գազի մատակարարումների հետ, դադարեցված են: