Սեւանի արեւելյան ափի մաքրման աշխատանքներն անհրաժեշտ ծավալով չեն իրականացվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել են Սեւանի արեւելյան ափի գյուղերի մի քանի ավագանիներ: «Ծրագրով նախատեսված էր արմատախիլ անել լճի մակարդակի բարձրացումից հետո նրա սահմաններին աճած ծառերն ու թփերը: Սակայն միայն ճյուղերն են կտրում, իսկ արմատները շարունակում են մնալ ջրի տակ ու նեխել: Այդ իսկ պատճառով մեզ մոտ ավելի քիչ զբոսաշրջիկներ են գալիս»,- հայտարարել են նրանք:
Նշենք, որ տարեկան 100 մլն դրամ է հատկացվում Սեւանի ափամերձ գոտու մաքրման աշխատանքներին: Մաքրման է ենթակա ընդամենը 2,8 հազար հա, արդյունքում ստացվում է 110 հազար խորանարդ մետր փայտանյութ: Մաքրման աշխատանքները կազմակերպվում են ըստ լճի մակարդակի բարձրացման: Այդ գոտում հայտնված կառույցները ապամոնտաժվում են:





























