Ճապոնիայի Հոկայդո կղզու Սոյա երկաթուղային գծում ճեպընթաց գնացքը բախվել է գորշ արջին և դուրս եկել ռելսերից, հայտնում է NHK-ն։

Միջադեպի հետևանքով գնացքում գտնվող 34 ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, սակայն Օտոինեպու և Վականայ կայարանների միջև ընկած հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է հոկտեմբերի 31-ի ողջ օրվա ընթացքում։

JR Hokkaido երկաթուղային ընկերության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով մոտ ժամը 23:00-ին։ «Sarobetsu» թիվ 3 ճեպընթացը Ասահիկավայից ուղևորվում էր Վականայ, երբ Տեսիո-Նակագավա և Տոյկանբեցու կայարանների միջև ընկած հատվածում բախվել է գորշ արջին։ Կենդանին հայտնվել է գնացքի տակ, որից հետո առջևի վագոնը դուրս է եկել ռելսերից։

Ուղևորներն ու գնացքի աշխատակիցները մինչև առավոտ մնացել են գնացքում և այդ ընթացքում անվտանգության ստուգումներ էին իրականացվում։ Ժամը 9:30-ի սահմաններում երկաթուղային ընկերության տրամադրած տաքսիներով նրանց հասցրել են նշանակման վայր։

«Բախման պահին գնացքը ուժեղ ցնցվեց։ Գիշերը վագոնի լույսերը մարեցին, վախենում էի և չէի կարողանում քնել», — պատմել է գնացքով երթևեկող Վիետնամի 20-ամյա քաղաքացին։ Նրա խոսքով՝ ինքը թեթևություն է զգացել, երբ բարեհաջող հասել է Վականայ։

Վթարի պատճառով հոկտեմբերի 31-ին չեղարկվել են Ասահիկավայի և Վականայի միջև բոլոր գնացքների երթերը, իսկ Սոյա գծի՝ Օտոինեպուի և Վականայի միջև ընկած հատվածում երթևեկությունը դադարեցվել է ողջ օրվա ընթացքում։ JR Hokkaido-ն վերականգնողական աշխատանքներ է իրականացնում և զգուշացնում, որ խափանումները կարող են ազդել նաև այլ երթերի վրա։