«Հարսնաքարի» գործով դատական նիստն սկսվել է անակնկալով։ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմի ճառից առաջ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարել է, որ դատարանի աշխատանքին աջակցելու համար ցանկանում է խոստովանել, որ ինքն է անմիջական կոնտակտի մեջ եղել Վահե Ավետյանի հետ:

«Իմ դիմաց ա դուրս եկել Վահեն, հայհոյել ա ինձ, ես էլ խփել եմ ասելով՝ էս էիր ուզում այ տղա։ Բոլոր հարվածները ես եմ հասցրել։ Ասում եմ, որովհետեւ չեմ կարում էլ ստի մեջ ապրեմ, չգիտեի, որ տենց վնասվածք ա ստացել, թե չէ կտանեի հիվանդանոց։ Կարող ա ուժեղ եմ խփել, գլուխը կպել ա մի տեղ։ Իմ խոսքերին չէր պատասխանում, ցավից ձեներ էր հանում»,- ասել է նա։

Նորայր Հայրապետյանը հրաժարվում է պատասխանել տուժող կողմի փաստաբանների հարցերին։

Հիշեցնենք, որ մեղադրող Արթուր Դավթյանը պահանջել է 13-ական տարի ազատազրկում եւ 100 հազար դրամի չափով տուգանք 6 ամբաստանյալների համար, որոնք մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանին, Ա. Բայադյանին, Գ. Սողոմոմյանին, Է. Նիկոյանին եւ Ա. Աղաջանյանին կանխամտածված մարմնական վնասներ հասցնելու մեջ։

Նորայրի պաշտպան Երեմ Սարգսյանը շատ խիստ էր գնահատել այս պատժաչափը՝ նշելով, որ դրանում հաշվի չեն առնվում մեղքի չափն ու վտանգավորությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2012-ի հունիսի 17-ին., 23:00-ի սահմաններում  հանրապետական պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու:

Հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է 6 մարդ՝ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը եւ Արթուր Բաբլոյանը, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: