Տոլյատիից չորս ազգայնականներ, որոնցից երեքն անչափահաս են, մեղադրվում են հայ տաքսիստի սպանության մեջ, հայտնում է տարածաշրջանային դատախազությունը:
Դատարանում պատասխան կտան 21-ամյա Դմիտրի Տիշակովը եւ 17-ամյա երեք անչափահասներ: Ընանցից մեկը, ըստ քննիչների, ազգայնական խմբավորում է ստեղծել: Կազմակերպության ժողովում 17ամյա առաջնորդը կոչ էր արել սպանել «ոչ ռուսներին»:
«2012թ. հուլիսին չորս երիտասարդ տաքսի են կանգնեցրել, որի վարորդը հայ է եղել, խնդրել են իրենց տանել քաղաքի հեռավոր թաղամաս: Նշված վայր ժամանելով՝ ուղեւորները վարորդին դուրս են հանել մեքենայից՝ ասելով, թե մեքենայի անվադողն իջել է: Դեռահասները սկսել են ծեծել տղամարդուն, իսկ ազգայնականների առաջնորդը մի քանի անգամ դանակահարել է նրան: Տուժածը փորձել է փախչել, սակայն հարձակվողները հասել են հետեւից եւ շարունակել ծեծել, մինչեւ համոզվել են, որ նա մահացել է»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ դատախազության՝ Տիշակովը տղամարդու վրայից հանել է ոսկյա շղթան եւ թեւնոցը, նաեւ փորձել է առեւանգել «ՎԱԶ 21102» մեքենան, սակայն չի կարողացել: Չորսն էլ մեղադրվում են «սպանություն՝ կատարված մի խումբ անձանց կողմից, նախնական հանցավոր համաձայնությամբ, ազգային ատելության կամ թշնամանքի պատճառներով» հոդվածով: Տիշակովը նաեւ մեղադրվում է «կողոպուտ զգալի վնասի պատճառմամբ» եւ «մահափորձ գույքն ապօրինաբար զավթելու նպատակով» հոդվածներով: Գործը դատարան է ուղարկվել:





























