ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրպետյանից չի գնել «Ակվա Մարի» ՍՊԸ- ն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 8-ին Էջմիածնում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
«Մենք ոչ մեկից չենք վախենում ու չենք ամաչում, որովհետեւ ճակատներս պարզ ա, ճիշտ ենք, ապրում, մաքուր ենք ապրում: Եթե առած լինեի, խի՞ չէի ասի»,- նշեց Մհեր Սեդրակյանը: Նա նաեւ ասաց, որ Փայլակ Հայրապետյանը իր ավագ ընկերն է ու իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ են: «Բայց իրա հետ առնել-ծախելու հարցեր չեն ունեցել»,- ավելացրեց Մհեր Սեդրակյանը:
Լրագրողները նշեցին նաեւ, որ «Սասունցի Դավիթ» կայարանում առեւտրականներին տրամադրվող վերանորոգված տաղավարների դիմաց սահմանված 5 հազարի դիմաց 7 հազար դրամ են ուզում, առեւտրականները նշել են, որ դա արել է Սեդրակյանի որդին: Ի պատասխան Մհեր Սեդրակյանը արձագանքեց. «Չի կարող նման բան լինել: Ի՞նչի մասին է խոսքը: Սուտ են ասում, խաբեբաներ են: Հիմա շատ մարդ շատ բան կասի: Էնքան ախմախ մարդիկ կան, որ գալիս են էսիմ-ինչեր են խոսում, բայց պարզվում ա, որ այդպես չի: Ապացույց եթե լինի թող բերեն ես կպատժեմ պայմանը խախտողին: Բայց չեմ կարծում՝ նման բան լինի»,- ավելացրեց Մհեր Սեդրակյանը:





























