Հայաստանը եվրոպական համայանքին պետք է ծանոթցնի իր տեսակետի հետ՝ դիմակայելու պատմական հուշարձանների տեսանկյունից Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լոնդոնում Հայաստանի նախկին հյուպատոս, միջնադարյան քարտեզների մասնագետ Ռուբեն Ղալիչյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքական եւ գիտական աշխարհը պնդում է, որ Հայաստանը «Ադրբեջանի տարածք է», բոլոր հայկական մշակութային կոթողները ադրբեջանական են: «Ցավոք, մեր գիտնականների եւ պատմաբանների արձագանքը եղել է ռուսերենով եւ հայերենով՝ ներքի սպառման համար»,-ընդգծել է փորձագետը: Ադրբեջանցիները պնդում են, որ բոլոր քրիստոնեական տաճարները, որոնք գտնվում են Ղարաբաղի տարածքում, պատկանել են ալբանացիներին, որոնք իրենց հերթին, եղել են նրանց նախնիները: «Ըստ ադրբեջանցի պատմաբանների, հայկական հուշարձանները, անգամ Տաթեւի վանքը, Գանձասարը եւ Էջմիածինը, կառուցվել են մահմեդական ալբանացիների կողմից: Սակայն նրանք 7-8-րդ դարերում մահմեդական են դարձել, իսկ մեր հուշարձանները կառուցվել են 6-18-րդ դարերում: Այսինքն, նրանք չէին կարող քրիստոնեական տաճարներ կառուցել՝ արդեն մահմեդական լինելով»,-հայտարարել է նա:
Նա նաեւ հավելել է, որ ադրբեջանական կողմը համոզված է, որ հայերը առհասարակ գոյութուն չեն ունեցել Կովկասում մինչեւ 1826-28 թթ, երբ Թուրքմենչայի պայմանագրով «հայերին այս տարածաշրջան բերեցին»: «Եթե այստեղ հայեր չեն ապրել, ապա ինչպե՞ս է Շահ Աբասը արտաքսել 400000 հայերի»,-հարց է առաջ քաշում մասնագետը: Նա ընդգծել է, որ ադրբեջանցիները ազգային մակարդակում ոչնչացնում են հայկական հուշարձանները: Նրա խոսքով՝ ադրբեջանական դասագրքերում հայկական քրիստոնեական տաճարները հիշատակվում են որպես «ալբանական-թուրքական տաճարներ»:





























