Աշխարհում տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում ամենահայտնի մրցանակներից համարվող Hispitality Innovation Award-ն այս տարի տրվել է թուրքական Divan Oteller խմբի սեփականատերեր Ալի Քոչին եւ Սեմահաթ Արսելին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, PKF hotelexperts-ի կողմից Hispitality Innovation Award-ն այս տարի հանձնվում է թուրքական Divan oteller խմբին, քանի որ վերջինիս ցանցում գտնվող Ստամբուլի «Գեզի» այգու հարեւանությամբ գտնվող Divan հյուրանոցը հասարակական խիզախություն էր ցուցաբերել եւ ոստիկանների բռնությունների ենթարկված ակտիվիստներին մշտապես հյուրընկալել էր իր տարածքում եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել էին «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել էր այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում էր առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:

Իշխանությունները հետագա բախումներից խուսափելու համար հայտարարեցին, որ «Գեզի» այգին վերականգնվելու է։