Թեեւ համաներումը համարվում է մարդասիրական քայլ, սակայն դրանից ոգեւորված են ոչ բոլորը: Հասարակությունը տագնապում է, որ 5-6 հարյուր դատապարտյալի ազատ արձավելուց հետո սրվելու է քրեական մթնոլորտը: Հոկտեմբերի 8-ից սկսվել է ազատ արձակելու գործընթացը, վաղն արդեն ազատության մեջ կլինեն հարյուրավորները: Թե հատկապես որ տեսակի հանցագործությունների աճ է կանխատեսում ոստիկանությունն ու դրանց կանխարգելման ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել, NEWS.am-ը փորձել է պարզել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից:
Պարոն Կարապետյան , քաղաքացիների շրջանում մտահոգություն կա, որ համաներման արդյունքում ավելանալու են հանցագործությունները: Ոստիկանությունն այդ ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու:
Ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է, մենք պատրաստվել ենք, հասարակությանը ձեռնոց նետած բոլոր հանցագործներին դիմակայելու ենք եւ ես չեմ կարծում, որ իրավիճակը պայթյունավտանգ է: Իրավիճակը վերահսկելի է եւ չեմ կարծում, որ այդ առումով խնդիրներ կլինեն:
Այսինքն, ուժեղացնելո՞ւ եք հսկողությունը, քաղաքացու անվտանգությունը ինչպե՞ս եք ապահովելու:
Սկզբնական շրջանում, իհարկե, հսկողություն լինելու է, մինչեւ ազատ արձակվածները ինտեգրվեն հասարակությանը եւ բնականոն կյանքին, որը հարիր կլինի նորմալ քաղաքացու: Իհարկե, մենք նախապատրաստվել ենք, միջոցներ ենք ձեռնարկել:
Ըստ Ձեր կախատեսումների, որ հանցատեսակները կկրկնվե՞ն:
Սեփականության դեմ, անձի dem, որը վիճաբանություններն են, դե, գողություն հափշտակություն, կողոպուտ... Ես կանխատեսում եմ, որ հիմա ավելի քիչ կլինի, քան անցած անգամ:
Նախորդ համաներման ժամանակ, որը 2011-ին կիրառվեց, Դուք քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ էիք, այդ ժամանակ հատկապես ո՞ր հանցատեսակները կրկնվեցին եւ քանի դեպքգրանցվեց:
Ավելի շատ սեփականության դեմ հանցագործությունները: Այն ժամանակ մենք պաստրաստ էինք դրան, ինֆորմացիաներ ստացվեցին ու վնասազերծվեցին որոշակի խմբեր, բայց հիմա էլ ավելի կազմակերպված ենք ու հաստատ իրենք ինտեգրվելու են ժողովրդի մեջ, կտեսնեք ինչքան սահուն կլինի դա, եւ ժողովուրդը չի զգա, եւ այդ աշխատանքի ծանրությունը մենք ենք զգալու: Իհարկե, կլինեն մարդիկ, որ հանցագործություն այլեւս չեն անելու, իհարկե կլինեն մադիկ, ովքեր չեն ուղղվելու: Ընդհանուր առմամբ, վտանգավոր ոչինչ չկա, թեեւ կկրկնվեն որոշ հանցատեսակներ: Ես նշեմ, որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ ոստիկանությունը աշխատում է, իսկ դա նշանակում է, որ կնվազի հանցագործությունները:
Հաճախակի համաներումը իրավաբանների կողմից մեկնաբանվում է չկայացած պետություններին բնորոշ քայլ, որով փորձում են շտկել արդարադատության սխալները, ինչպես նաեւ լուծում ենքրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը: Ձեր մեկնաբանմամբ, մեր երկրում համաներմամբ հատկապես ի՞նչ հարց է լուծվում:
Որպես օրենքի պաշտպան, ասեմ որ ցանկացած իրավախախտի երբ մերկացնում ես հանցագործության մեջ, եւ ինքն իր մեղքը ընդունում է, շատ քիչ է հավանական, որ նա նույն սխալը կանի: Մարդիկ, ովքեր դատապարտվել են ու իրենց մեղքը ընդունել, թող իրենք շուտ ազատ արձակվեն ու համաներումը այդ հնարավորությունը տալիս է: Կան մարդիկ, ովքեր կյանքում մի անգամ սխալվել են եւ եթե հնարավորություն կա, որ չեն անելու, ինչու չներվեն: Ես չեմ ուզում քննարկեմ որոշումներ, որոնք ընդունել են գերագույն գլխավոր հրամանատարն ու Ազգային ժողովը, ես կատարողն եմ, բայց իմ կարծիքն այն է,որ 500 եւ ավելի ազատ արձակվող մարդկանց մեջ կան շատերը, ովքեր զգացել են սխալը եւ դա երբեք չեն կրկնելու:
Պարոն Կարապետյան, արդեն ինը ամիս է, Երեւանի ոստիկանապետ եք: Երբ նշանակվում էիք, Վլադիմիր Գասպարյանը Ձեզ բնութագրելիս՝ որպես առավելություն նախորդի համեմատությամբ, նշել էրերիտասարդ լինելը: Այդ առավելությունը ինչպե՞ս դրսեւորվեց հօգուտ քաղաքացու:
Իմ առավելություններն ու թերությունները կասի ինձ նշանակողը, իսկ ես աշխատում եմ ամեն օր, որպեսզի ոստիկանի հեղինակությունը բարձրանա Երեւան քաղաքի բնակչության շրջանում:
Կարծում եք, որ դա որեւէ մեկին հաջողվե՞լ է…
Բայց ինչո՞ւ չի հաջողվել... Ոստիկանությանն հեղինակության բարձրացում ասելով՝ ես հասկանում եմ հետեւյալը, որ ցանկացած ոստիկան՝ սկսած շարքայինից մինչեւ բարձրաստիճան, պարտավոր է օրենքի շրջանակում ծառայել ժողովրդին, քաղաքացուն, այ երբ որ մենք ամեն օր մեր գործով կհասկանանք, որ մենք ծառայում են քաղաքացուն ու մեր գլուխը հանգիստ կդնենք բարձին ու կքնենք՝ իմանալով որ ինչ-որ բան արեցինք քաղաքացու համար, հենց դա ոստիկանի բարձր հեղինակությունն է:
Ստացվե՞լ է գեթ մեկ օր այդ գիտակցությամբ հանգիստ քնել:
Իհարկե:
Եթե նույնիսկ բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստների հետ բախումներ էին լինո՞ւմ:
Ակտիվիստ-ոչ ակտիվիստ չկա, քաղաքացին օրենքը խախտեց, կարեւոր չի՝ ով է, կա համապատասխան միջոցառում: Ու պատկերացրեք, օրենքը խախտելու մտածելակերպով քաղաքացիներին բազմիցս ներել ենք, շատ անգամներ, եւ պատկերացրեք, որ դա արդեն դառնում է անպատժելիության մթնոլորտ: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են եւ հավասար են օրենքի առջեւ: Իսկ որ բացահայտվեցին քաղաքացիների նկատմամբ բռնությունները, ինչպես Դուք եք ասում ակտիվիստների, ո՞վ արեց, ոստիկանությունը չբացահայտե՞ց:
Ձեր ինը ամսվա աշխատանքի մասին ի՞նչ կասեք:
Ինը ամսվա ընթացքում ունենք սպանության դեպքի նվազում, առանձնակի հանցագործությունների բացահայտման աճ, դրանք հանցատեսակներ են, որոնք քաղաքացու կյանքն են խլում եւ մի դեպքի նվազումն արդեն լուրջ ձեռքբերում է: Մեծ աշխատանքներ արվել են ու որոշ հանցատեսակների տոկոսային բացահայտման աճ էլ ունենք, ինչպես նաեւ նվազում: Բացահայտման աճը միջին ծանրության հանցատեսակներն են, որոնք նախկինում արատավոր սովորության համաձայն, չէին գրանցվում եւ սխալ թիվ էր ներկայացվում: Իսկ քանի որ անցած տարի ոստիկանապետի խիստ խորհրդակցությունից հետո, երբ նույնսիկ քրեական գործեր հարուցվեցին հանցագործության թաքցնելու փաստի առթիվ, այս տարի դադարել է արատավոր պրակտիկան եւ բնականաբար, աճ գրանցվել, բայց նվազել են առանձնակի ծանր հանցագործությունները, որոնք երբեք չեն թաքցվել ու մարդու կյանքին են վերաբերվում:



























