Ադրբեջանի հեռուստաալիքները նոր «ռեկորդ» են սահմանել, որը վառ վկայում է նույնիսկ ժողովրդավարություն ձեւացնելու փորձերից երկրի լիակատար հրաժարման մասին: Եթերում ոչ մի խոսքով չեն հիշատակվում ոչ միայն ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլիի նախընտրական շտաբի՝ ամբողջ երկրում զանգվածային խախտումների վերաբերյալ տարածած լուրերը, այլեւ, ընդհանրապես, ոչինչ չի ասվում այն մասին, որ մյուս թեկնածուները եւս քվեարկել են:
Էկրաններին է հայտնվել գործող նախագահ Իլհամ Ալիեւը՝ իր ընտանիքի անդամների հետ, հեռուստաալիքները ցուցադրել են, թե ինչպես է քվեարկում նրանցից յուրաքանչյուրը: Մինչդեռ, ժողովրդավարության օրենքներն ինչ-որ չափով պահպանող բոլոր երկրներում ընտրությունների օրը հեռուստատեսությամբ պարտադիր ցուցադրվում է, թե ինչպես են քվեարկում եթե ոչ բոլորը, գոնե նախագահի հիմնական թեկնածուները:
Իսկ միջազգային «CBC» հեռուստաալիքը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից, դեռւես քվեարկության ամենաթեժ պահին հրապարակել է այսպես կոչված «էքզիտ-փոլ»-ի արդյունքները, ըստ որոնց՝ Իլհամ Ալիեւի օգտին քվեարկել է ընտրողների 92,15%-ը:





























