Հայ հեղափոխական դաշնակցությունում ինչ-որ խմորումների մասին լրատվամիջոցների տեղեկությունները որեւէ հիմք չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ տարածված տեղեկությունները որեւէ հիմք չունեն, նման բան չկա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի  ընկերային հավաքին, Աղվան Վարդանյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում տասնյակ նման հավաքներ ունեցել են, դա սովորական աշխատանքային մթնոլորտ է, կուսակցական աշխատանք, երբ հավաքվում են եւ քննարկում տարբեր հարցեր:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երեւանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչեւ հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար:

«Բանն այն է, որ Երեւանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»: Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին` երեւանցիներին, դուր չի գալիս:

Սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերային հավաք անել` շոշափելու շարքերի տրամադրությունները: Բանն այն է, որ կոմիտեի ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու, ուղարկելու Բյուրո, իսկ ընկերային հավաքը` ոչ»,- գրում է թերթը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am